Վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու պատրվակով ստացել էին գումարներ. Աշտարակի ոստիկանների բացահայտումը
Աշտարակի ոստիկանները բացահայտել են խարդախության դեպք. երկու տղամարդ ոստիկանության ծառայողի անվան տակ, վարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով խաբեությամբ գումարներ են հափշտակել, տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
«Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու տղամարդ, որոնցից մեկը` Ագարակ գյուղի, մյուսը` մայրաքաղաքի բնակիչ, ոստիկանության ծառայողի անվան տակ, վարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով խաբեությամբ գումարներ են հափշտակում:
Տեղեկությունը ճշտելուց հետո Աշտարակի ոստիկաններն անցան կոնկրետ միջոցառումների: Ապրիլի 13-ի առավոտյան երկուսն էլ հայտնաբերվեցին և բերման ենթարկվեցին ոստիկանության Աշտարակի բաժին: Նրանք խոստովանեցին, որ այս տարվա մարտին, նախնական համաձայնության գալով, մի քանի անձից պահանջել և ստացել են տարբեր չափի գումարներ՝ իբր առանց քննության և ընթացակարգի վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ ոստիկանության Աշտարակի բաժնում փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ: Մայիսի 2-ին տղամարդկանց առաջադրվել է մեղադրանք։
Կարծիքներ