Մրցանակներ են շնորհվել «Դպրոցական լավագույն մինի այգի 2024» մրցույթի հաղթողներին
Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում մրցանակաբաշխությամբ ամփոփվել է «Դպրոցական լավագույն մինի այգի» չորրորդ ամենամյա մրցույթը, որը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի Ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» (ԴՍԵԲ) հիմնարկի կողմից։
«Դպրոցական լավագույն մինի այգի» ամենամյա մրցույթը «Դպրոցական սնունդ» ծրագրի կարևոր բաղադրիչն է, որի նպատակն է ոչ միայն ապահովել թարմ բանջարեղենի բազմազանությունը դպրոցական սննդակարգում և խթանել երեխաների շրջանում առողջ սնվելու սովորությունների ձևավորումը, այլ նաև երեխաների մոտ վաղ տարիքից հետաքրքրություն առաջացնել օրգանական գյուղատնտեսության նկատմամբ և նրանց սովորեցնել հողի մշակման հիմունքները։
Մրցույթին մասնակցել է ՀՀ 7 մարզի 18 դպրոց: Այս տարի մրցույթն ուներ 2 անվանակարգ. «Դպրոցական լավագույն մինի այգի»՝ գարնանը այգին մշակելու հնարավորություն ունեցող դպրոցների համար, և «Լավագույն այգին պատուհանագոգին», որն առավել ցուրտ կլիմայով մարզերում գտնվող դպրոցներին առաջարկում էր ստեղծել մինի այգի՝ փակ տարածքում:
Մարտից օգոստոս ընկած ժամանակահատվածում աշակերտները՝ ուսուցիչների, տնօրենների, ծնողների և տեղական համայնքների անդամների աջակցությամբ, աշխատել են իրենց դպրոցներում մինի այգիներ մշակելու համար: Ընտրող հանձնաժողովը, որը ձևավորվել էր կազմակերպիչ կառույցների փորձագետներից, մանրակրկիտ ուսումնասիրել է դպրոցների նախագծերը։ Հյուրընկալող դպրոցը՝ Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցը, օրինակելի աշխատանքի համար արժանացել է առաջին տեղին «Դպրոցական լավագույն մինի այգի» անվանակարգում և ստացել 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ՝ իր այգեգործական նախաձեռնությունների հետագա զարգացման համար: Երկրորդ տեղը զբաղեցրել է Կոտայքի մարզի Մրգաշենի միջնակարգ դպրոցը, իսկ երրորդը` Կոտայքի մարզի Նոր Գեղիի թիվ 2 միջնակարգ դպրոցը: Դպրոցները պարգևատրվել են սննդի չորանոցներով՝ իրենց գյուղատնտեսական ծրագրերին աջակցելու համար։ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցը ճանաչվել է «Լավագույն այգին պատուհանագոգին» անվանակարգի հաղթող: Հատուկ խրախուսական մրցանակներ են հանձնվել Մեղրաձորի Հ.Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցին (Կոտայքի մարզ) և Ծակքարի միջնակարգ դպրոցին (Գեղարքունիքի մարզ)՝ համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ տեղերի համար: Լրացուցիչ անվանակարգերում հաղթած դպրոցները ստացել են սածիլների համար նախատեսված ֆիտոլամպերով դարակաշարեր և դանակների հավաքածուներ: Բոլոր մասնակից դպրոցները ստացել են մասնակցության վկայականներ։
Միջոցառման կազմակերպիչները ներկաներին պատմել են նախորդ տարի «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում դպրոցներում ստեղծված նորարար այգիների ու ջերմատների հիմքի վրա բացված գյուղատնտեսական խմբակների մասին: Դրանք ստեղծվել են «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից ՀՀ 31 դպրոցում՝ որպես ծրագրի փոխակերպող բաղադրիչի մաս:
Մրցանակաբաշխության ընթացքում անցկացված ցուցահանդեսում ներկայացվել է նաև երեխաների 18 նկար, որոնք արտացոլում էին աշակերտների ընկալումները գյուղատնտեսության, սննդի և շրջակա միջավայրի վերաբերյալ՝ ցույց տալով ավելի խորը կապը ուսման և առողջ ապրելակերպի միջև: Յուրաքանչյուր պատանի նկարիչ նվեր է ստացել «Երազանքի այգի» վերնագրով սեղանի խաղ, որը նախատեսված է շարունակական ուսումնառության և ստեղծագործական միտքը զարգացնելու համար, ինչպես նաև շնորհակալագիր:
Միջոցառումն ավարտվել է Վանաձորի թիվ 27 դպրոցի նորարարական ջերմոց այցելությամբ, որտեղ հյուրերին ներկայացվել է նաև դպրոցի ժամանակակից գյուղատնտեսական դասարանը: Այստեղ աշակերտներն ուսումնասիրում են նորարար գյուղատնտեսության սկզբունքները, հմտություններ հավաքում այգում ճիշտ աշխատելու վերաբերյալ ու կողմնորոշվում ապագա մասնագիտության հարցում։
Կարծիքներ