Միջազգային համբավ ունեցող դաշնակահար Աշոտ Խաչատրյանն առաջին անգամ ելույթ կունենա Ֆիլհարմոնիկի հետ
Արմատներով արցախցի` բելգիաբնակ դաշնակահար Աշոտ Խաչատրյանը փետրվարի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Արմատներով արցախցի Աշոտ Խաչատուրյանը մինչ այդ ընկերների հետ փետրվարի 2-ին հանդես կգա կամերային բարեգործական համերգով, որի հասույթով ձեռք կբերվի դաշնամուր Ստեփանակերտի երաժշտական դպրոցի համար:
Փետրվարի 4-ին սիմֆոնիկ համերգին կհնչի Բեթհովենի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը, որը Բեթհովենի և առհասարակ այս ժանրի լավագույն ստեղծագործություններից է: Այն մեծ ճանաչում է վայելել դեռ կոմպոզիտորի կյանքի օրոք և 250 տարի անց էլ դասվում է ամենահաճախ կատարվող ստեղծագործությունների շարքը: Կհնչի նաև Թիվ 2-րդ սիմֆոնիան՝ Բեթհովենի վաղ շրջանի ամենակատարյալ ստեղծագործություններից մեկը: Համերգը կղեկավարի ՀԱՖն գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Համերգի մենակատար Աշոտ Խաչատուրյանը հայտնի է դաշնամուրային բարդագույն երկերի ուրույն և վիրտուոզ մեկնաբանությամբ: Նա Ս. Ռախմանինովի (2006) և Մարթա Արգերիխի անվան մրցույթների (2007) առաջին, ինչպես նաև Top of the World (2011) և Concours d’Epinal (2013) մրցույթների մրցանակակիր է: Ելույթ է ունեցել BBC Radio-ում՝ Լոնդոնի կամերային, Նորվեգիայի ռադիոյի, Eighteenth Century, Բազելի սիմֆոնիկ, Վալոնի թագավորական կամերային նվագախմբերի հետ՝ անվանի դիրիժորներ Յան Կեյերսի, Ռոդոլֆո Ֆիշերի, Ավգուստին Դումայի, Դանիելե Գատիի, Թոմաս Զոնդեգարդի, Քրիստոֆեր Ուորեն-Գրինի և այլոց ղեկավարությամբ:
2018 թվականին հիմնադրել է Իզայիի անվան միջազգային երաժշտական փառատոնը, որի գեղարվեստական ղեկավարն է մինչ օրս:
Կարծիքներ