«Հրավառություն չի լինելու»․ սեպտեմբերի 21-ի միջոցառման պրոդյուսերը՝ շրջանառվող տարատեսակ լուրերի մասին (տեսանյութ). ՀԺ
Նախորդ շաբաթ ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս տարի Սեպտեմբերի 21-ի միջոցառումները պատշաճ կերպով նշվելու են: «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու լայնամասշտաբ և գունագեղ տոնակատարություն, և այն առաջին հերթին նվիրված է լինելու ՀՀ-ի անկախության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»,- հայտնեց նա:
Միջոցառման կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու է «Դոմինո փրոդաքշն» ընկերությունը:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում ընկերության հիմնադիր, անկախության 30 ամյակին նվիրված միջոցառման նախագծի պրոդյուսեր Աշոտ Առաքելյանը հայտնեց, որ միջոցառման ընթացքում հնչելու է դասական երաժշտություն, կատարվելու են Հայաստանին ու Արցախին նվիրված երգեր, լինելու է սիմֆոնիկ նվագախումբ՝ երգչախմբով, հայկական երգերի կատարումներով:
Նրա խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում օրհներգի նոր տեսահոլովակի և հրավառության մասին շրջանառվող լուրերը:
«Սա ասում եմ մեզ ապահովագրելու համար, որ հետո չստացվի, թե մամուլում տարածվեց, որ միջոցառման ժամանակ հրավառություն է լինելու, և մենք ծրագրից հանեցինք այն: Կամ օրհներգի հետ կապված, որ տեսահոլովակում Արցախը չկար, նոր են ավելացրել»,- ասաց նա։
Առաքելյանի խոսքով՝ ծրագրի ծավալը և բարդությունն այնպիսին է, որ ուղղակի անհնար է մամուլին հետևելով՝ որոշակի փոփոխություններ իրականացնել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Կարծիքներ