Ախուրյանի խաղահրապարակում 13-ամյա տղայի կրակոցից 11 տարեկան խաղընկերուհին վիրավորվել է. մանրամասներ
Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզի Ախուրյան համայնքում. 13-ամյա անչափահաս տղան «ՏԻՐ» տեսակի հրացանով կրակել է, ինչի հետևանքով մետաղյա փամփուշտը դիպել է համագյուղացի 11-ամյա աղջկան:
Երեխան տեղափոխվել է Ավստրիական մանկական հիվանդանոց:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար Կարեն Գևորգյանն ասաց, որ հետազոտել են երեխային, միջնորմում օտար մարմին է հայտնաբերվել:
«Օտար մարմինը հայտնաբերվեց աջ թոքի հատվածում, հավանաբար թոքը վնասված էր: Երևանյան մեր գործընկերներին տեղյակ պահեցիքն, քննարկեցինք իրավիճակն ու երեկ երեկոյան աղջկան սանավիացիայի մեքենայով տեղափոխեցինք «Սուրբ Աստվածամայր ԲԿ»»,- ասաց Գևորգյանը:
Մեզ հետ զրույցում որոշակի նախնական մանրամասներ ներկայացրեց նաև Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանը: Նրա խոսքով՝ դեպքը խաղահրապարակում է տեղի ունեցել:
«Տղա երեխան ծնողներից թաքուն Տիրի հրացանը վերցրել, տանից դուրս է եկել: Խաղահրապարակում ուզեցել է կրակել, ու կպել է խաղընկերուհուն: Հրացանն ազատ վաճառքում կա, բոլորն էլ կարող են դրանից ունենալ: Երեխաները մշտապես այդ խաղահրապարակում են խաղում, նաև նույն դպրոցում են սովորում»,- մանրամասնեց Մանուկյանը:
Դեպքից հետո, ըստ համայնքապետի, երեխաների ընտանիքներում վիճաբանություն չի առաջացել: Ըստ Մանուկյանի՝ նրանք մտերիմներ են:
Կարծիքներ