Ընդդիմության երթից առաջ ոստիկանությունը շրջափակել է Մինսկի Հոկտեմբերյան հրապարակը
Ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Մինսկի կենտրոնում գտնվող Հոկտեմբերյան հրապարակի շուրջ, որտեղ սպասվում է ընդդիմության չարտոնված երթը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Մասնավորապես, այս հրապարակում են գտնվում Հանրապետության պալատը, ինչպես նաև արհմիությունների տունը, իսկ մի փոքր այն կողմ`Հանրապետության նախագահի վարչակազմի նստավայրը:
Ժամը 14-ին (Երևանի ժամանակով 15։00-ին) Մինսկի կենտրոնում սպասվում է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հակառակորդների ավանդական լայնածավալ երթը, որը նրանք կազմակերպում են կիրակի օրերին:
Մեքենաների տեղաշարժը Անկախության պողոտայով, որը անցնում է Հոկտեմբերյան հրապարակով, իրականացվում է առանց սահմանափակումների, գործում են մետրոյի բոլոր կայարանները:
Անկախության հրապարակը, որտեղ տեղակայված են կառավարական տունը, Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեն և խորհրդարանի ստորին պալատը, դեռ շրջափակված չէ, բայց ոստիկանությունն արդեն պատրաստել է ժամանակավոր մետաղական արգելապատնեշներ: Այժմ դրանք հավաքված են «Մինսկ» հյուրանոցի մոտ:
Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Կարծիքներ