ԱՄՆ-ում մեկնարկում է Թրամփի դեմ իմփիչմենթի երկրորդ պատմական գործընթացը
Վաշինգտոնում մեկնարկում են ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի հարցով քննարկումները, ինչով պայմանավորված ԱՄՆ մայրաքաղաքում պատրաստվածության բարձր մակարդակի են բերվել անվտանգության ուժերը:
Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հավելելով, որ իմփիչմենթի գործընթացը նախաձեռնած բոլոր դեմոկրատ գործիչների անվտանգությունը լսումների ողջ ընթացքում ևս կապահովեն ազգային գվարդիայի ուժերը, որոնք մոբիլիզացվել էին երկրում հունվարի 6-ին տեղի ունեցած խռովությունից հետո:
Հաղորդվում է, որ Թրամփի փաստաբանները լրացրել են նրա պաշտպանությանը վերաբերող 78 էջանոց տեղեկագիրը: Նրանց պնդմամբ՝ իմփիչմենթի ողջ գործընթացը հակասահմանադրական է, քանի որ Թրամփն այլևս նախագահ չէ:
Այսօր իմփիչմենթի աննախադեպ գործով լսումներ են մեկնարկում Սենատում, սակայն հիմնական քննարկումներն ակնկալվում են չորեքշաբթի, որոնց կհաջորդի քվեարկությունը:
CNN-ի հաղորդմամբ՝ դեմոկրատ սենատորներն ակնկալում են, որ վերջնական քվեարկությունը կկայանա կիրակի կամ երկուշաբթի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց ծավալելու պատճառ են դարձել հունվարի 6-ին Կապիտոլիումի շենքի գրոհի ժամանակ խռովարարներին նրա աջակցելու և խրախուսելու կոչերը: Նրա նկատմամբ իմփիչմենթ հայտարարելու մեկ այլ փորձ իրականացվել էր մոտ մեկ տարի առաջ:
Կարծիքներ