Ունենք էական տեղաշարժ. վարչապետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Yerevan Dialogue համաժողովի ընթացքում անդրադարձավ նաև ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին:
Նրա խոսքով՝ մենք այստեղ ևս ունենք էական տեղաշարժ, և այդ տեղաշարժը արտահայտվում է նրանով, որ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները վերջերս ստորագրել են սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգ:
«Այդ կանոնակարգում արձանագրված է այն, ինչի շուրջ կողմերը հայտարարել են դեռևս սույն թվականի ապրիլի 19-ին՝ հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքում հրապարակված հաղորդագրության մեջ, այսինքն՝ վերցված է, արձանագրված է Ալմա Աթայի հռչակագիրը՝ որպես սահմանազատման գործընթացի բազային սկզբունք, և արձանագրված է, որ կողմերը սահմանազատման գործընթացում առաջնորդվելու են հենց Ալմա Աթայի հռչակագրով»,- տեղեկացրեց վարչապետը՝ ընդգծելով, որ վերոնշյալ հռչակագիրը ստորագրել են մի շարք նախկին խորհրդային հանրապետություններ, ներառյալ՝ Հայաստանը և Ադրբեջանը:
Ըստ վարչապետի՝ այդ հռչակագիրը մեր քննարկվող թեմայում ունի երկու առանցքային դրույթ, և այդ դրույթներից առաջինը հետևյալն է՝ որ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, և երկրորդ՝ որ Ալմա Աթայի հռչակագիրը ստորագրած երկրները ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը:
«Սա շատ կարևոր հիմք է, որը, ըստ էության, եթե մեկնաբանենք Ալմա-Աթայի հռչակագրի համապատասխան դրույթը, կնշանակի, որ ՀՀ-ն և Ադրբեջանը միմյանց ճանաչում են խորհրդային հանրապետությունների տարածքների շրջանակում:
Այժմ, ինչպես նշված է, ՀՀ-ում և Ադրբեջանում, համաձայն պայմանավորվածության, այս կանոնակարգն ընթանում է ներքին համաձայնեցման ներպետական ընթացակարգերով, և իհարկե, հույս ունեմ, և համոզված եմ գոնե, որ Հայաստանի Հանրապետությունում մենք ամեն ինչ կանենք այն լրումին հասցնելու համար: Հիմա Կառավարությունն ընդունել է նախագիծը, ուղարկել է ՍԴ՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար»,- խոսքը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ