Կյանքից հեռացել է հայ ժողովրդի մեծ բարեկամ, սերբ գրող, թարգմանիչ Լյուբիցա Միլետիչը
Երկարատեւ հիվանդությունից հետո 72 տարեկան հասակում Բելգրադում կյանքին հրաժեշտ տվեց սերբ ականավոր բանաստեղծուհի, թարգմանիչ, էսսեիստ, Հայաստանի գրողների միության Պատվավոր անդամ, հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ Լյուբիցա Միլետիչը:
Նա ծնվել էր 1948թ Բելգրադում, երկար տարիներ աշխատել է ,,Պրովեստ,, հրատարակչության խմբագիր, ապա՝ տնօրեն։ Մինչ այժմ հրապարկել էր 20 գիրք, այդ թվում՝ թարգմանական գրականություն։
Նրա հեղինակած բազմաթիվ գրքերից հիշատակության արժանի են «Թախիծ», «Ֆիսոնը ստվերոտ գետ է», «Շնչառություն եղեգնի վրա», «Քրիստոսը Կրեմլում», «Օրվա որդին. 7504.», «Արևելքի բարձունքից», «Բաբելոնյան գրառումներ», «Կոստանդինի խաչը», «Անհասանելի ձայն», ժողովածուները:
Այս շարքում առանձնակի տեղ ունի հայկականությամբ համակված «Արարատի հողմերը» բանաստեղծական ժողովածուն, որ թարգմանաբար հրատարակվել է Երևանում և Ստեփանակերտում: Բանաստեղծուհու ստեղծագործությունները ներկայացված են սերբական ու համաշխարհային տարբեր անթոլոգիաներում, թարգմանված շուրջ 20 լեզուներով:
Արժանացել է հայրենական և համաշխարհային գրական հեղինակավոր մրցանակների և պարգևների, այդ թվում ՀԳՄ Գրական վաստակի համար մեդալի:
Լյուբիցա Միլետիչը ջերմ սիրով էր կապված մեր ժողովրդին, խորապես գիտեր մեր պատմությունն ու մշակույթը: Սերբ ընթերցողին լայնորեն հայտնի են իր «Հայացք Արարատին» և «Արարատ և Ղարաբաղ» սքանչելի ուղեգրությունները:
Նրա թարգմանությամբ Սերբիայի հայ համայնքի մեկենասությամբ լույս է տեսել է 28 բանաստեղծների գործեր ամփոփող «Ժամանակակից հայ պոեզիա» անթոլոգիան, որի երկրորդ, լրացված հրատարակությունն էր պատրաստում, չհասցրեց երևի: Չհասցրեց բոլորովին վերջերս հրատարակված իր նոր թարգմանական գրքի (Գագիկ Դավթյան, «Վեճ Հոբի հետ») շնորհանդեսին մասնակցել, որին պատրաստվում էին հայ համայնքը և Սերբիայի գրողների միությունը:
Լյուբիցա Միլետիչի պայծառ անունը ընդմիշտ կմնա հայ ժողովրդի նվիրյալ բարեկամների հիշատակի Ոսկե մատյանում:
Նա իր վերջին հարցազրույցը տվել էր ՕՐԵՐ եվրոպական ամսագրին, որը հրապարակվեց Սերբիայի հայերին նվիրված հատուկ համարում։ Այդ հարցազրույցում նա ասում էր, որ հայերն ու սերբերը արեւային ժողովուրդ են, սիրով պատմում էր հայաստանյան իր հանդիպումների ու հայ գրողների ստեղծագործությունների մասին։
Օրեր ամսագրի խմբագրակազմը ցավակցում է տիկին Լյուբիցայի եղբորը եւ հարազատներին։ Աստված հոգին լուսավորի։
Կարծիքներ