Ալիևի ագրեսիվ հայտարարություններով հրճվող ընդդիմության նպատակը մեկն է՝ խաղաղության օրակարգի ձախողումը․ Տարոն Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարել է Ալիևի ագրեսիվ հայտարարություններին ու ընդդիմության՝ դրանց արձագանքին:
«Ալիևի ագրեսիվ հայտարարություններով հրճվող ընդդիմության նպատակը մեկն է՝ խաղաղության օրակարգի և այս իշխանության ձախողումը, անգամ եթե դա լինի Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հաշվին։
Էս տեսակի համար չկա, գոյություն չունի ոչ պետական և ոչ էլ ազգային շահ, կա ընդամենը մեկ նպատակ՝ իշխանազավթում։ Նույն ռազմահայրենասիրական լոզունգներով էլ Ղարաբաղը մատաղ արեցին, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը գրավելով էին զբաղված, պետական ինստիտուտները կազմաքանդելով ու քայքայելով էին Ղարաբաղ փրկում։
Բան չի փոխվել, հիմա Ալիևի ագրեսիվ հայտարարություններին ծափ տալով են հայրենիք փրկում։
Հ.Գ․ Ռոբասերժիստները, հաջորդ անգամ «նախագահ» ասելիս, թող շեշտեն, որ Ալիևի մասին է խոսքը»,- գրել է նա:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 7-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հերթական անգամ սպառնացել է Հայաստանին պատերազմով, ինչպես նաև կասկածի տակ է դրել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումը։
Ալիևը նաև «խորհուրդ է տվել» Ֆրանսիային ու մյուս երկրներին հրաժարվել Հայաստան զենքի մատակարարումներից:
Նա Հայաստանին մեղադրել է «տարածաշրջանային անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու» համար՝ ասելով, որ մոտ 30 տարի Հայաստանը ղեկավարել են «ֆաշիստական գաղափարախոսության» ենթադրյալ կրողներ, որոնք երկիրը ձևավորել են «իրենց կերպարով»։
Ալիևը փաստացի սպառնացել է հնարավոր ռազմական միջամտությամբ՝ ասելով, որ եթե Հայաստանը «ինքնուրույն չազատվի այդ «ֆաշիստական» դրսևորումներից, ապա Ադրբեջանը ստիպված կլինի «գործել»։
Ալիևը նաև ասել է, որ Հայաստանը չպետք է «աշխարհագրական պատնեշ լինի» Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ կրկին սպառնալով բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»:
Կարծիքներ