ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարի հետ

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարի հետ

Մարդու իրավունքների պաշտպանի երկու դեպարտամենտների ղեկավարներ Արմեն Մաշինյանն ու Արտյոմ Սեդրակյանը հունիսի 15-ին ընդունել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Էողան Մերֆիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը ներկայացրել է աշխատակազմում ընտրությունների մշտադիտարկման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը, որը նախընտրական և հետընտրական փուլերում, ինչպես նաև քվեարկության օրը կգործի արտակարգ ռեժիմով: Արտյոմ Սեդրակյանը նշել է մտահոգություններն այն ատելության խոսքի, վիրավորանքի ու հայհոյանքների առնչությամբ, որոնք միմյանց ուղղում են քաղաքական ուժերն ու նրանց համակիրները։ Նա նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ նման խոսքը տարածվում է սոցիալական ցանցերում, համակիրների շրջանում, ինչն ավելի է մեծացնում լարվածությունը և իրական կյանք տեղափոխվելու ռիսկեր է պարունակում։


Պաշտպանի աշխատակազմի Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արմեն Մատինյանը ներկայացրել է մշտադիտարկման արդյունքում արձանագրված տվյալները, այդ թվում՝ կապված ընտրակաշառք բաժանելու, վարչական միջոցի չարաշահման, այս կամ այն քաղաքական ուժին աջակցելու հիմքով աշխատանքից ազատելու, պաստառների սխալ տեղակայման հետ և այլն։ Քննարկվել է նաև Պաշտպանին հասցեագրվող՝ ընտրական իրավունքներին առնչվող բողոքները կամ ահազանգերը։
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կարևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ընտրությունների անաչառ դիտարկումը։
 
Հանդիպման ընթացում կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցության՝ ընտրություններին մարդկանց իրավունքները երաշխավորելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում