Անվանի մանկաբույժ Լոուրենս Ֆոլկներին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում
Մանկական քաղցկեղի և արյան խանգարումների ոլորտում մասնագիտացած հեղինակավոր մանկաբույժ Լոուրենս Ֆոլկները համալրեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորների շարքը։Այդ մասին հայտնում են ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը հիշեցրեց, որ 2021 թվականի հուլիսին Հայաստանում կատարվեց առաջին ալոգեն փոխպատվաստումը։ «Նիգերիայից և Կամերունից 4 երեխա մեր բժիշկների օգնությամբ և աշխարհահռչակ պրոֆեսոր Ֆոլկների մենթորությամբ բարեհաջող կարողացան փրկվել։ Հաշվի առնելով պրոֆեսորի մեծ ավանդը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում մոտ 1000 երեխայի փոխպատվաստմամբ ապրելու հնարավորություն տալու գործում՝ Երևանի պետական բժշկական համալսարանը Նոմինացիոն կոմիտեում քննարկելու արդյունքում և Գիտական խորհրդի որոշմամբ առաջարկում է Ձեզ դառնալ համալսարանի պատվավոր դոկտոր», - հանդիսավորությամբ հայտարարեց պրոռեկտորը։
Լոուրենս Ֆոլկները, երախտագիտություն հայտնելով, նշեց․
«Պետք է անկեղծորեն ասեմ, որ իրականում շատ մեծ բան չեմ անում։ Ինձ շատ հաճելի է աշխատել Հայաստանում իմ ընկերների և գործընկերների հետ։ Հպարտ և շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ այս մեծ պատվին արժանանալու և այս փորձառության համար»։
Cure2Children հիմնադրամի բժշկական խորհրդատվական խորհրդի համակարգող, Մանկական արյունաբանության-ուռուցքաբանության և ցողունային բջիջների փոխպատվաստման Լոուրենս Ֆոլկները եվրոպական 2 երկրի՝ Իտալիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի է։
Նա Մանկական ուռուցքաբանության միջազգային ընկերության, Ամերիկյան արյունաբանական ընկերության և Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան ընկերության անդամ է։
Անվանի մանկաբույժը մեր երկում առաջին անգամ իրականացված ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստման անմիջական մասնակիցն էր։ Փոխպատվաստումն իրականացվել էր պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում։
Կարծիքներ