Աֆղանստանում փոխհրաձգության հետևանքով 17 մարդ է մահացել

Աֆղանստանում փոխհրաձգության հետևանքով 17 մարդ է մահացել

«Թալիբան» արմատական շարժման և զինված խմբավորման միջև զինված բախումների հետևանքով Աֆղանստանի Հերաթ քաղաքում առնվազն 17 մարդ է սպանվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է տեղական Ettelaat թերթը։

Ըստ տեղեկությունների՝ քաղաքի փողոցներում փոխհրաձգությունը սկսվել է ճաշի ժամին և շարունակվել ողջ օրվա ընթացքում։ Մահացածների թվում կա 7 երեխա և 3 կին։ Բացի այդ, վիրավորվել են մի քանի խաղաղ բնակիչներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։

Ինչպես նշում է թերթը, սա Հերաթում առաջին նման զինված բախումն է այն բանից հետո, երբ օգոստոսի 12-ին թալիբները վերահսկողություն են հաստատել քաղաքի վրա։

Ավելի վաղ թալիբների կողմից Աֆղանստանի ներքին գործերի նախարարության խոսնակ նշանակված Սաիդ Հոսթին Twitter-ի իր էջում գրել էր, որ երկրի մեծությամբ երրորդ քաղաքում հրաձգությունը սկսել էին հանցավոր խմբավորման ներկայացուցիչները, որոնք զբաղվում են մարդկանց առևանգմամբ։ Նրա խոսքով՝ երեք հանցագործ չեզոքացվել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում