Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի. Փաշինյան
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ անդրադառնալով Կապսի ջրամբարի շինարարությանը:
Վարչապետը Կապսի ջրամբարի հետ կապված հույս հայտնեց, որ գործընթացները կառավարության պլանավորածով կընթանան:
«Այնտեղ մենք առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ նոր գյուղ ենք կառուցելու: Եվ շատ կարևոր է, որ այս նախագիծը հաջող ընթանա, և մենք 21-րդ դարի գյուղի մոդել կարողանանք այնտեղ ներդնել և քաղաքաշինական նոր մշակույթ բերենք, որը կհամապատասխանի մեր այսօրվա ակնկալիքներին ու պահանջներին»,-ասաց Փաշինյանը:
ՀՀ կառավարությունը 13.3 միլիարդ դրամ կտրամադրի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` երեք խոշոր ծրագրերի իրականացման համար: Մոտ 13.3 մլրդ դրամ գումար կվերաբաշխեն 3 խոշոր բլոկներով ծրագրեր իրականացնելու համար: Այդ բլոկներից մեկը վերաբերում է Կապսի ջրամբարին: Նախարար Գնել Սանոսյանի տեղեկացմամբ՝ որոշակի գործընթաց կա, փաստաթղթերի ուսումնասիրման փուլում են, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, անհրաժեշտություն կառաջանա կանխավճար տրամադրել շինարարին: Եվ այսպիսով 3.5 մլրդ դրամ լրացուցիչ գումար հատկացնելու անհրաժեշտություն է առաջացել:
Կարծիքներ