«Նոր Էջ» ծրագրով պատերազմին մասնակցած երիտասարդներն աջակցություն կստանան աշխատանք գտնելու հարցում

«Նոր Էջ» ծրագրով պատերազմին մասնակցած երիտասարդներն աջակցություն կստանան աշխատանք գտնելու հարցում

Հայաստանում անցկացվող «Նոր Էջ» սոցիալական պատասխանատվության նախագծի շրջանակում աջակցություն է տրամադրվում մարտական գործողություններին մասնակցած ու զորացրված 18-30 տարեկան ավելի քան 1000 երիտասարդների: Գնահատվում են նրանց կարիքները, անցկացվում են հմտությունների ձեռք բերման, կարողությունների զարգացման դասընթացներ և տրամադրվում է աջակցություն աշխատանքի տեղավորման հարցում: Ծրագրին միացել են բազմաթիվ գործատուներ, թրեյներներ, մենթորներ:

Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը նշեց, որ արդեն իսկ ավարտվել են տվյալների հավաքագրման ու տեղեկատվական բազաների ստեղծման աշխատանքները: Հավաքագրված տվյալների հիման վրա կատարվել է վերլուծություն, քարտեզագրվել է ծրագրի հաջորդ փուլը՝ հիմնվելով զորացրված երիտասարդների, գործատուների, թրեյներների, մենթորների կարիքների բացահայտման և համապատասխանեցման վրա:

«Դասընթացիների ակտիվ կազմակերպման փուլը մեզ մոտ սկսվել է ապրիլին: Ներկայում ունենք 20 ակտիվ դասընթաց, որի շրջանակում 66 երիտասարդ արդեն իսկ անցնում է ուսուցում: Ասեմ, որ 380-ն էլ հերթագրվել է՝ սպասելով դասընթացների մեկնարկին: Միաժամանակ 80 աշխատատեղ է առաջարկվել, 230 երիտասարդ սպասում է դիտարկման գործատուների կողմից»,-ասաց Արփի Կարապետյանը: Այս փուլում դասընթացները տարբեր ուղղություններով են՝ հաճախորդների սպասարկում, հաշվապահություն, գյուղատնտեսություն, լուսանկարչություն, վարսահարդարում և այլն:

«Արինսայթս» (R-Insights) հետազոտական ընկերության տնօրեն  Լիլիթ Ղաբանյանի խոսքով,  համաձայն հարցման արդյունքների, մասնակիցների 52.8 տոկոսը 21-24 տարեկան երիտասարդներ են, ընդ որում, նրանց մեծամասնությունը բնակվում է Երևանում, Կոտայքի, Շիրակի և Արարատի մարզերում: Միջին ներկայացվածություն կա Արմավիրի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերից, առավել քիչ՝ Սյունիքից, Վայոց ձորից և Արցախից:

«Մասնակիցների մեծամասնությունն ունի բարձրագույն կամ թերի բարձագույն կրթություն: Ասեմ, որ կրթության հիմնական ոլորտներն են. ծրագրավորում, տնտեսագիտություն, կառավարում, գյուղատնտեսություն, ճարտարագիտություն և այլն: Նշեմ նաև, որ հարցաթերթը լրացրած զինծառայողներից  405-ը պատերազմի հետևանքով ստացել է վնասվածք կամ խեղում»,- ասաց Լիլի Ղաբանյանը: Հաշվի առնելով տղաների սահմանափակ հնարավորությունները, գործատուները, անհրաժեշտության դեպքում, գնում են գրասենյակներում ենթակառուցվածքների բարելավման:

Ծրագրին միացած գործատուներն առաջիկա 6 ամսվա համար նշել են 884 աշխատանքի հնարավորության մասին: Թափուր աշխատատեղերը տարբեր ուղղություններով են՝ ծրագրավորում, ֆինանսներ, բժշկություն և դեղագործություն, գյուղատնտեսություն, ճարտարագիտություն, մարքեթինգ և դիզայն, հաճախորդների սպասարկում և վաճառք, արհեստավորություն, վարչական և խորը մասնագիտացում չպահանջող այլ աշխատանք:

Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Վարդանյանն այս ընթացքում անմիջապես աշխատել է մարտական գործողություններին մասնակցած երիտասարդրների հետ:

«Այս ընթացքում բավական ակտիվ աշխատանք տարվեց պատերազմին մասնակցած երիտասարդների հետ՝ տվյալների հավաքագրում, կարիքների գնահատում, ուղղորդում: Նշեմ, որ հոգեբանական աշխատանքի կարիքը ևս կա: Այս ծրագրով փորձում ենք ապահովել տղաների զբաղվածությունը և հետինտեգրումը բնականոն կյանքին: Տղաները նոր գիտելիքներ, նոր հմտություններ են ձեռք բերում աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու համար»,- ասաց Հասմիկ Վարդանյանը:

«Ավրորա Բարեալիս» մարքեթինգային և բրենդինգային ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Ազիզյանի խոսքով, ծրագրի նախագծման փուլում դիտարկվում էր գրանցումների համար վերջնաժամկետ սահմանելու հարցը, սակայն ակտիվությունը տեսնելով, որոշում կայացվեց, որ վերջնաժամկետ չսահմանվի:

«Այնպես որ, գրանցումները բաց են, նրանք, որոնք ծրագրին համապատասխանում են, կարող են դիմել: Այսօր էլ դիմողների թիվն ավելանում է: Աշխատում ենք 24 ժամ 7 օր ռեժիմով, փորձում ենք արագ արձագանքել բոլոր հարցերին, ճիշտ ուղղորդել»,- ասաց Արթուր Ազիզյանը:

Ծրագիրն անվճար են շահառուների համար: Մայիսի 12-ի դրությամբ ծրագրին միացել են 1390 մասնակից (մարտական գործողություններին մասնակցած և զորացրված երիտասարդ), 220 գործատու, 180 թրեյներ/մենթոր/վարպետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում