Չինաստանում գրանցվել է COVID-19-ի դեպքերի ամենամեծ թիվը 2020 թվականի փետրվարից ի վեր

Չինաստանում գրանցվել է COVID-19-ի դեպքերի ամենամեծ թիվը 2020 թվականի փետրվարից ի վեր

 Չինաստանի իշխանությունները վերջին մեկ օրվա ընթացքում գրանցել են կորոնավիրուսային վարակի 769 նոր դեպք, ինչը ամենաբարձրն է 2020 թվականի փետրվարի վերջից ի վեր։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում երկուշաբթի օրը ՉԺՀ-ի հիգիենայի և առողջության պետական ​​կոմիտեի հրապարակած տվյալները։

Ինչպես նշվում է տարածած հաղորդագրության մեջ, նոր հայտնաբերված վարակվածներից 243-ը ժամանել են արտերկրից։ 327 մարդու մոտ հայտնաբերվել է ջերմություն, հազ և թուլություն, մնացած 442-ն ասիմպտոմատիկ վարակակիրներ են։

Հրապարակված վիճակագրության համաձայն՝ վերջին յոթ օրվա ընթացքում տեղական բուժհաստատություններում COVID-ի սիմպտոմատիկ դեպքերի թիվն աճել է օրական միջինը 4,8%-ով և կազմել 3837 (5861՝ ասիմպտոմատիկ հիվանդներով, որոնք նույնպես գտնվում են բժշկական հսկողության տակ): Նրանցից միայն 11-ի վիճակը ծանր է։ Այսպիսով, հիվանդանոցներում վարակվածների թվի առումով իրավիճակը նման է 2020 թվականի մարտին, երբ Չինաստանում ճնշվեց համաճարակի առաջին և ամենահզոր ալիքը։ Բուժման ենթարկվողների մոտ 41%-ը վարակվել է հանրապետությունում, մնացած 59%-ը եկել է արտերկրից։

Պաշտոնապես Չինաստանի մայրցամաքում ամբողջ ժամանակ հիվանդացել է 111,19 հազար մարդ՝ չհաշված ասիմպտոմատիկ վարակակիրներին։ Անցյալ տարվա հունվարի 25-ից Չինաստանում կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել, համաճարակի սկզբից ի վեր երկրում մահացել է 4636 մարդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում