Փոխել օրենքը, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և դադարեցնել ռազմական տեխնիկայի արտահանումը Բաքու. ԱՄՆ սենատոր

Փոխել օրենքը, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և դադարեցնել ռազմական տեխնիկայի արտահանումը Բաքու. ԱՄՆ սենատոր

ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը օրենսդրական փոփոխությունների նախագծեր է ներկայացրել, որոնցով առաջարկվում է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Հայաստանի և Արցախի հայերի դեմ ագրեսիայի և ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար: Նախագծերից մեկով առաջարկվում է դադարեցնել ռազմական տեխնիկայի արտահանումը Բաքու։

Այս մասին հայտնել է Ամերիկայի հայկական խորհուրդը:

Մասնավորապես առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենսդրական փոփոխություն 907-ի վերապահումը:

«Հայաստանի արևելքի վրա Ադրբեջանի հարձակումից գրեթե մեկ տարի և Ալիևի ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի բնիկ հայկական բնակչության շրջափակումից ավելի քանի 200 օր անց հստակ է, որ Ադրբեջանը հարձակողական ուժեր է կիրառում և շարունակում է անպաշտպան հայ բնակչության շրջափակումը:

Ազատության աջակցության օրենքի 907-րդ բաժնի վերապահման ամենամյա կիրառումը խախտում է օրենքի ոգին։ Ավելին, հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը՝ հստակ է, որ վերապահումն օգտագործելու պայմանները չեն պահպանվում՝ ներառյալ հավաստիացումները, որ վերապահումը չի նպաստի Հայաստանի դեմ հարձակողական գործողություններին։

Օրենքի նկատմամաբ այս ծաղրական վերաբերմունքը հաշվի առնելով՝ ճիշտ ժամանակն է ուժը կորցրած ճանաչելու վերապահումը և ճնշում գործադրելու Բաքվի վրա՝ վերջ դնելու հայերի նկատմամբ ագրեսիվ գործողություններին։ Ես կանգնած եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին, ովքեր սովիվտանգի առաջ են, և Հայաստանի ժողովրդի կողքին, ովքեր շարունակում են վերականգնվել սեփական վնասներից, որոնք կրել են Ադրբեջանի ներխուժումներից իրենց հայրենիք»,- հայտարարել է Մենենդեսը։

Այս նախաձեռնությամբ, 1992 թվականին ընդունված օրենքի 907-րդ բաժնով արգելվում է Ադրբեջանին լայնամաշտաբ օգնության տրամադրումը, քանի դեռ այն ակնհայտ քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ բոլոր տեսակի շրջափակման և հարձակողական քայլերի դադարեցման ուղղությամբ։

Օգնություն կարող է տրամադրվել, եթե այն անհրաժեշտ է՝ աջակցելու Միացյալ Նահանգների ջանքերին՝ ուղղված միջազգային ահաբեկչության դեմ պայքարին։ Այս վերապահումից օգտվելով ԱՄՆ-ն ամեն տարի խոշոր ռազմական օգնություն է տրամադրում Ադրբեջանին՝ Իրանի դեմ սպառնալիքի չեզոքացման պատրվակով։

Օրենսդրական փոփոխություն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին ուշադրություն հրավիրելու մասին

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները անհրաժեշտություն են Հարավային Կովկասում տևական խաղաղություն ապահովելու համար: Առանց արդարության խաղաղություն լինել չի կարող։ Այդ պատճառով և խորապես համոզված եմ, որ մենք պետք է շարունակենք հետաքննել բոլոր ենթադրյալ ռազմական հանցագործությունները։ Ավելի, մենք պետք է ճնշում գործադրենք Ալիևի ռեժիմի վրա՝ կանխելու ապագա հանցագործությունները՝ այդ թվում նաև պատասխանատուների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով»,- ասել է սենատորը։

Սույն նախաձեռնությամբ կոչ է արվում դադարեցնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, անվտանգության երաշխիքներ տրամադրել Լեռնային Ղարաբաղին, հետաքննել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները և աջակցություն է հայտնվում պատժամիջոցների կիրառմանը՝ որպես հայերի նկատմամբ մարդու իրավունքների խախտումների մասնակիցներին պատասխանատվության ենթարկելու գործիք։

Օրենսդրական փոփոխություն, որով արգելվում է Արբեջանին զենքի վաճառքի նոր արտոնագրերի տրամադրումը

«Այս տարվա սկզբին ես իմ խորը մտահոգությունն եմ հայտնել այն բանի շուրջ, որ Առևտրի նախարարությունը դիտարկում էր Ադրբեջանին հրազեն մատակարարելու հարցը: Ադրբեջանի գործող ագրեսիայի միջակայքում նման արտահանման շուրջ քննարկումներն անընդունելի են։ Ժամանակն է հավաարումից հանել անորոշությունն ու հստակեցնել այն ապրանքների ցանկը, որոնք արգելվում է արտահանել Ադրբեջան՝ դրա ագրեսիվ գործողությունների վարման ընթացքում»,- շեշտել է Մենենդեսը:

Այս փոփոխությամբ արգելվում է Ադրբեջանի կառավարությանը հրազենի կամ այլ հարձակողական պաշտպանողական կամ ռազմական տեխնիկայի արտահանման ցանկացած նոր լիցենզիայի տրամադրումը մինչև Ադրբեջանի նախագահի կողմից հավաստիացում ստանալը, որ Ադրբեջանը դադարեցրել է հարձակողական ուժի կիրառումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում