Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը կղեկավարի «Ոսկե ծիրան»-ի այս տարվա լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրին
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են «Ոսկե ծիրան»-ի գրասենյակից:
Թերի Ջորջը երկու անգամ «Լավագույն սցենար» անվանակարգում առաջադրվել է Օսկար մրցանակաբաշխությանը։ 2012 թվականին «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում արժանացել է Օսկար մրցանակի։ Նրա հայտնի աշխատանքներից են «Հյուրանոց Ռուանդա», «Բռնցքամարտիկը», «Հոր անունից», «Անհանգստություն» ֆիլմերը։
Թերի Ջորջի ֆիլմերում հանդես են եկել համաշխարհային կինոյի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Հելեն Միրենը, Դենիել Դեյ-Լյուիսը, Բրյուս Ուիլիսը, Քոլին Ֆարելը, Խոակին Ֆենիքսը և այլք։
2016 թվականին Ջորջը նկարահանել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը, որտեղ հանդես են եկել Օսկար Այզեկը, Շառլոտ լը Բոնը, Ջեյմս Քրոմվելը, Քրիստիան Բեյլը, Անժելա Սարաֆյանը և այլ դերասաններ։
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր՝ ամենահեղինակավոր կինոփառատոններից։
Կարծիքներ