«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արցախի կարգավիճակը Հայկական հարցի բաղկացուցիչ մասն է
«Այսօր մենք գտնվում ենք հիբրիդային պատերազմի մեջ, որի բաղադրիչներից մեկը ինֆորմացիոն պատերազմն է։ Բազմաթիվ բնութագրեր կան, թե ինչ մեթոդներով կարելի է վարել հիբրիդային պատերազմը։ Կողմերից յուրաքանչյուրը կարող է ասել այն, ինչ ցանկանում է՝ դիմացինին ճնշելու, նվաստացնելու, թեւաթափ անելու համար։ «Մենք պետք է ուշադիր լսենք, վերլուծենք թե Ալիեւի, թե այլ երկրների ղեկավարների ու վերլուծաբանների խոսքերը, բայց չի կարելի մնալ այդ շրջանակներում։ Անհրաժեշտ է բոլորովին այլ հարթությունից դիտարկել տեղի ունեցողը եւ համապատասխան քայլեր ձեռնարկել։ Ներկայումս մեր բառապաշարում գերակշռում են «կապիտուլյացիա», «պարտություն» ձեւակերպումները, բայց մի՞թե ճիշտ է այս մեկ ճակատամարտով մոռանալ մեր հաղթանակները։ Չի կարելի մոռանալ նաեւ մյուս պարտությունները, որոնցից պետք է դասեր քաղենք եւ գործ անենք»,- այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության հիմնադիր, Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի 2-րդ, 3-րդ գումարումների պատգամավոր Հրանտ Խաչատրյանը։
Արցախի եւ Հայաստանի վերամիավորման խնդիրը, իրավական հնարավորությունները, որոնք անմիջականորեն բխում են մեր պետության եւ ազգի շահերից, կարիք ունեն մասնագիտական հստակ ձեւակերպումների ինչպես իրավական, այնպես էլ՝ քաղաքական հարթության մեջ։ Ներկա իրողությունները պարտադրում են հստակ ձեւակերպել մեր տեսլականն այս հարցում։ «ՀՀ»-ի զրուցակիցն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ դեռեւս պատերազմի ընթացքում եւ նաեւ դրանից հետո Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների, քաղաքական եւ հանրային դեմքերի կողմից նշվել է, թե այդ երբ Հայաստանը փորձեց ճանաչել Արցախի անկախությունը եւ Ռուսաստանն էլ չեկավ օգնության։ Այս հարցով հանդիմանություններ հնչեցին նաեւ Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախությունը ճանաչելու քննարկումների ժամանակ։ «Արցախի հարցում որեւէ երկիր պարտավոր չէ մեզ գործընկեր լինել այն պարագայում, երբ մենք ինքներս չգիտենք, թե ինչ ենք ուզում ուրիշներից»,- շեշտեց նա, ապա հավելեց, որ այս տարիների ընթացքում վերամիավորման հարցը չի քննարկվել, վերամիավորումը որպես դիվանագիտական դեմարշ չի հնչել որեւէ ամբիոնից»:
Կարծիքներ