Հայաստանում ոչ ռեզիդենտ գրանցված աշխատողների թիվն աճել է առնվազն 200 տոկոսով. ԿԲ փոխնախագահ
Հայաստանում ոչ ռեզիդենտ գրանցված աշխատողների քանակն աճել է առնվազն 200 տոկոսով, նրանց աշխատավարձը Հայաստանի միջին աշխատավարձից 4 անգամ ավելին է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն ԱԺ-ում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը:
ԿԲ-ն գնահատում է, որ 2022թ. ընթացքում Հայաստանի Հանրապետություն իրական և ֆինանսական հոսքերի արդյունքում ՀՀ պոտենցիալը որոշակիորեն աճել է:
«Եթե նայենք Հայաստանում ոչ ռեզիդենտ գրանցված աշխատակիցների քանակին, ունեցել ենք առնվազն 200 տոկոս աճ: Նրանց միջին աշխատավարձը 4 անգամ ավելին է, քան Հայաստանի Հանրապետության միջին աշխատավարձը, ինչը վկայում է նրա մասին, որ հիմնականում ունեցել ենք բարձր որակյալ աշխատուժի ներհոսք»,-ասաց Նուրբեկյանը:
Ընդ որում, նա խոսեց միայն գրանցված աշխատողների մասին, կան նաև չգրանցված աշխատողներ:
Ապա Նուրբեկյանը հավելեց՝ նույն բանի մասին վկայում է նաև Հայաստանում ոչ ռեզիդենտների կողմից գրանցված ընկերությունների թիվը: «Մենք այդտեղ նույնպես տեսնում ենք, որ առնվազն 1 տոկոսային կետով ՀՀ պոտենցիալն աճել է»,-ասաց Նուրբեկյանը:
Կարծիքներ