ՀՀ ՆԳՆ ՓԾ-ն և «Բժիշկներ առանց սահմանների»-ի հայաստանյան առաքելությունը համագործակցության հուշագիր կստորագրեն
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը մայիսի 25-ին ընդունել է «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելության տնօրեն, բժիշկ Ֆրանկինգ Ֆրիաս Դիազին և տնօրենի օգնական Էլեն Գրիգորյանին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Կամո Ցուցուլյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել այցի համար և բարձր գնահատել կազմակերպության ծավալած մարդասիրական գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։
«Հանդիպանը ներկա էին նաև ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետ Ե․Կարապետյանը և փ/ծ գնդապետ Դ․Սարգսյանը։
Կամո Ցուցուլյանը հյուրերին ներկայացրեց ՆԳՆ փրկարար ծառայության ընթացիկ աշխատանքները, ներկայիս հնարավորությունները և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հարուստ փորձը։
Շնորհակալություն հայտնելով ՓԾ տնօրենին ընդունելության համար՝ Ֆրանկինգ Ֆրիաս Դիազը ներկայացրեց «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելության գործունեությունը, ծրագրերը՝ նշելով, որ կազմակերպությունը աշխատանքային փորձ ունի աշխարհի շուրջ 70 երկրում՝ Ասիայում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, Հարավային Կովկասում և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Ֆրանկինգ Ֆրիաս Դիազը հավելել է, որ կազմակերպությունն աշխարհի խոշորագույն բժշկական մարդասիրական կազմակերպություններից մեկն է, որը Հայաստանում ծավալած բազմամյա գործունեության ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր։ Ներկայումս «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը ՀՀ-ում առողջապահական ոլորտում իրականացնում է երկարաժամկետ բուժական ծրագիր, միաժամանակ Արցախում հոգեբանական աջակցության ծրագիր՝ սթրեսի հաղթահարման ուղղությամբ։
Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով արտակարգ իրավիճակների բնագավառում գործունեությանը՝ առաքելության տնօրենը նշել է, որ կազմակերպության հիմնական ուղղությունը բնական և մարդածին աղետներին արձագանքումն է, չնայած այս բնագավառում իրականացնում են նաև տարաբնույթ այլ աշխատանքներ:
«Կողմերը քննարկեցին հետագա փոխգործակցության և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այնուհետև պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում երկարատև համագործակցության նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և ստորագրել երկկողմ համագործակցության հուշագիր»,- հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Նշվում է, որ հանդիպման ավարտին ՓԾ տնօրենը շնորհակալություն է հայտնել հյուրերին պատրաստակամության և մարդասիրական առաքելության իրականացման համար, և հույս հայտնել, որ առաջիկայում երկկողմ համագործակցությունը կամրապնդվի և կծառայի ի շահ Հայաստանի Հանրապետության բնակչությանը։
Կարծիքներ