Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել խնամատարության ինստիտուտի զարգացման վերաբերյալ տարածաշրջանային համաժողով
Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել խնամատարության ինստիտուտի զարգացման վերաբերյալ տարածաշրջանային համաժողով՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված միջազգային և տեղական մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Regional Family Placement խորագրով եռօրյա միջոցառման աշխատանքներին մասնակցել են ներկայացուցիչներ՝ Լեհաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Չինաստանից, Լիբանանից, Միացյալ Թագավորությունից, Կամբոջայից, Վիետնամից, Վրաստանից։
Խնամատարության ինստիտուտի զարգացման կարևորության և վերջինիս կայացման հեռանկարների մասին են խոսել նաև ԱՄԷ-ի ընտանեկան գործերի սեկտորի գործադիր տնօրեն Ն․ Գ․ Ասմա Ալ Ազրին, Լեհաստանի ժողովրդագրական քաղաքականության հարցերով կառավարության լիազոր ներկայացուցչի գրասենյակի տնօրեն Պյոտր Գոլեբևսկին, Care Caucasus-ի կանանց տնտեսական արդարության ծրագրի տնօրեն Նազի Բուրդուլաձեն և այլք։
Համաժողովի շրջանակում տեղի են ունեցել նաև պանելային քննարկումներ, որոնց շրջանակում բանախոսներն անդրադարձել են առողջական խնդիրներ ունեցող, բռնության ենթարկված երեխաներին տրամադրվող ընտանեկան խնամքի առանձնահատկություններին, ներկայացրել իրենց երկրների փորձը երեխաների խնամքի և դաստիարակության մեթոդների մասին։
Իր ելույթում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը կարևորել է յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի լիարժեք իրացման ու նրանց լավագույն շահի ապահովման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացումը։ Նախարարը նշել է, որ այսօր Հայաստանում խնամատար 86 ընտանիքում խնամք և դաստիարակություն է ստանում 145 երեխա, և հույս հայտնել, որ նրանց թիվն առաջիկայում կավելանա։
«Կարծում ենք՝ համաժողովն արդյունավետ և կարևոր հարթակ է խնամատարությանն առնչվող մոդելների ու նորարարությունների քննարկման համար, որոնք կարող են իրականացվել Հայաստանում և այլ երկրներում՝ ծնողական խնամքի կարիք ունեցող երեխաների կյանքը բարելավելու նպատակով: Լիահույս ենք, որ միջոցառումը նաև հնարավորություն կտա բարձրացնել ինստիտուտի մասին իրազեկվածությունը, ներկայացնել համաշխարհային լավագույն փորձը և մշակել քաղաքականություն՝ միտված Հայաստանում խնամատարության համակարգի զարգացմանը»,- նշել է նախարարը։
Կարծիքներ