ԱԹՍ-ը հարվածել է այնտեղ, որտեղ իրենք եղել են կանգնած. ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնել 14-ամյա երեխայի վիրավորվելու մասին

ԱԹՍ-ը հարվածել է այնտեղ, որտեղ իրենք եղել են կանգնած. ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնել 14-ամյա երեխայի վիրավորվելու մասին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անդրադարձել է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին մոտ գտնվող Սոթք համայնքի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ԱԹՍ-ի կիրառման հետեւանքով 14-ամյա երեխայի վիրավորմանը եւ գրել:

«1. Հոկտեմբերի 14-ի վաղ առավոտյան՝ ժամը 09:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը ԱԹՍ-ի հարվածներ են հասցրել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին մոտ գտնվող Սոթք համայնքի ուղղությամբ:

Ադրբեջանական ԱԹՍ-ի հարձակումների արդյունքում ծանր վիրավորում է ստացել երեխա՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 14-ամյա Ն. Ա.-ն, ով ներկայում գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

ԱԹՍ-ի հարվածները եղել են գյուղատնտեսական նշանակություն ունեցող ցանքատարածության անմիջական ուղղությամբ, որտեղ տվյալ պահին կարտոֆիլի սեզոնային բերքահավաք իրականացնելու նպատակով գտնվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ:

Այս տեղեկությունը հաստատվել է համայնքի ղեկավարի և բնակիչների կողմից, որոնք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին: Այնուհետև, այս տեղեկությունը որոշակի ծավալով տարածում է ստացել նաև մամուլի մի շարք հրապարակումներում:

2. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ նույն օրը արագ արձանագանքման հատուկ խումբը, այդ թվում՝ բժիշկը մեկնել է քաղաքացիական բժշկական հաստատություն՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ փաստահավաք աշխատանքների նպատակով:

Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել վիրավորում ստացած երեխայի, նրա հոր և բժշկական անձնակազմի հետ: Դրանից բացի, մի շարք հարցեր են քննարկվել նաև համայնքի ղեկավարի հետ:

3. Պարզվել է, որ հոկտեմբերի 14-ի վաղ առավոտյան վիրավորում ստացած 14-ամյա երեխան իր 16 տարեկան հարազատ եղբոր, ինչպես նաև հոր հետ միասին նույն օրը գնացել է իրենց ընտանիքին պատկանող գյուղատնտեսական նշանակություն ունեցող ցանքատարածություն՝ սեզոնային բերքահավաք իրականացնելու: Դրանից հետո կարճ ժամանակ անց լսել են ԱԹՍ-ների ձայներ: Այդ ձայները լսելուն պես վիրավորում ստացած երեխան և իր ընտանիքի մյուս անդամները փորձել են փախչել ԱԹՍ-ի հարվածից: Դրանից գրեթե անմիջապես հետո ԱԹՍ-ը հարվածել է հենց այն նույն վայրում, որտեղ իրենք եղել են կանգնած:

Այս փաստը հատկապես հաստատում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու և կյանքից ապօրինաբար զրկելու հանցավոր մտադրությունը:

4. Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում ընդգծել, որ Գեղարքունիքի մարզում ներկայում ընթանում են սեզոնային բերքահավաքի աշխատանքներ ու այդ աշխատանքները յուրաքանչյուր ընտանիքի համար ունեն կենսական կարևորություն: Շատ դեպքերում դա ընտանիքի եկամտի գլխավոր աղբյուրն է: Դրանով է նաև պայմանավորված, որ ընտանիքի անդամներով են, որպես կանոն, իրականացվում բերքահավաքի աշխատանքները:

Ուշադրության է արժանի նաև այն, որ ինչպես նշել է վիրավորում ստացած երեխան, ինքն ու ավագ եղբայրը, ինչպես նաև իրենց համայնքի մյուս երեխաները Ադրբեջանի զինված ուժերի կողմից շարունակական ռամզաօդային հրթիռակոծումների պատճառով զրկված են դպրոց հաճախելու հնարավորությունից, քանի որ Վարդենիս քաղաքի և հարակից համայնքների դպրոցները ԱԹՍ-ների կողմից թիրախավորվում են, ուստի ժամանակավորապես չեն գործում:

5. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացրած տեղեկությունների համաձայն՝ երեխայի առողջական վիճակը ներկայում գնահատվում է ծանր:

Երեխան ունի աջակողմյան պնևմոթորաքս, ձախակողմյան թափանցող հեմոպնևմոթորաքս, որովայնի բութ վնասվածք, փայծաղի սուբկապսուլյար հեմատոմա, ինչպես նաև աջակողմյան հյուսվածքում առկա է բեկոր: Երեխան ունեցել է արյան կորուստ:

6. Մարդու իրավունքների պաշտպանը, լինելով մարդու իրավունքների ազգային անկախ հաստատություն, ինչպես նաև «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող մարմին` խստորեն դատապարտում է խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի տարբերակում չդնող հարձակումները, որոնք հանգեցնում են երեխաների իրավունքների կոպիտ խախտումների ու միջազգային իրավունքի հիմնարար պահանջների բացարձակ անտեսման:

Մարդու իրավունքների, հատկապես՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունները պետք է հրատապ միջոցներ ձեռնարկեն այս դեպքերին պատշաճ իրավական գնահատական տալու, ինչպես նաև հետագայում դրանք բացառելու նպատակով:

Երեխաների նկատմամբ չտարբերակված և հաճախ թիրախավորված հարձակումները պետք է արժանանան խստագույն դատապարտման միջազգային հանրության կողմից»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում