Տանձենու վտանգված տեսակների պահպանությունը և կենսունակության ապահովումը Հայաստանում
Հայաստանը վայրի տանձենիների գենետիկ բազմազանության համաշխարհային կենտրոններից մեկն է: Տանձենու էնդեմիզմի և տեսակային բազմազանության բարձր մակարդակը հատկապես արտահայտված է Վայոց ձորում, որտեղ էլ գտնվում են ծրագրի իրականացման վայրերը: Հայաստանում վայրի տանձենիները առանձնահատուկ հետաքրքրության և պահպանման կարևորություն ունեն, քանի որ հայտնաբերված մեծ թվով տեսակներից` ընդհանուր 32-ից 12-ը՝ Հայաստանի էնդեմիկ տեսակ են, 6-ը` Հարավային Կովկասի։ Հանդիպող տանձենիների բոլոր հայտնի տեսակներից 18-ը նկարագրվել են հենց Հայաստանից։
2020 թ. օգոստոսի 1-ից «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն, «Ֆրանկլինիա» հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Տանձենու վտանգված տեսակների պահպանությունը և դրանց պոպուլյացիաների կենսունակության ապահովումը Հայաստանում» եռամյա բնապահպանական ծրագիրը: Ծրագրի նպատակն է ապահովել տանձենու գլոբալ վտանգված հինգ տեսակների պահպանությունը իրենց աճելավայրում և նպաստել դրանց պոպուլյացիաների կենսունակության բարձրացմանը Հայաստանում: Ծագիրը իրականացվելու է Վայոց ձորի մարզում՝ համախմբված Զառիթափ, Ջերմուկ և Եղեգիս համայնքներում:
Վայոց ձորի մարզ ճանաչողական այցի ընթացքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Արտավան ու Հերհեր բնակավայրեր և ծանոթացել ծրագրի շրջանակներում ստեղծված ենթակառուցվածքներին՝ «Արտավան» բնապահպանական տնկարանին, տնամերձ տնկարաններին, տանձենու պահապանների կողմից իրականացվող վտանգված տանձենու տեսակների մշտադիտարկման ու պահպանության միջոցառումներին:
Կարծիքներ