Ինչպես է ծախսվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած գումարները. պարզաբանումներ է ներկայացրել Զարուհի Բաթոյանը

Ինչպես է ծախսվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած գումարները. պարզաբանումներ է ներկայացրել Զարուհի Բաթոյանը

ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հունվարի 12-ին գումարել է 4-րդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը: Քննիչ հանձնաժողովը նպատակ ունի ուսումնասիրել հիմնադրամի հավաքագրած գումարների ծախսման ուղղությունները և պարզել`  արդյո՞ք դրանք ծառայել են 44-օրյա պատերազմի ընթացքում ստեղծված իրավիճակի եւ դրանից հետո առաջացած  հետեւանքների հաղթահարմանը:

Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը:

Հերթական նիստին հանձնաժողովը հրավիրել էր այդ ժամանակահատվածում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Զարուհի Բաթոյանին, ով պաշտոնավարել է մինչեւ 2020թ-ի նոյեմբերի 20-ը: Նշված ժամանակահատվածում  նախարարությունն իրականացրել է  հիմնականում համակարգման աշխատանքներ:

Շուրջ 90.000 արցախցիների համար իրականացվել են առողջապահական ծառայությունների ուղղորդումներ, հումանիտար աջակցության ծրագրեր: Նախարարության լծակներով կարգավորվել են նաեւ նրանց  կեցության խնդիրները: Բոլոր  միջոցառումները գերատեսչությունն իրականացրել է մասնավոր հատվածի եւ բարեգործական տարբեր կազմակերպությունների միջոցներով. ընդգծել է Զարուհի Բաթոյանն ու հավելել, որ դրանց իրականացման համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ֆինանսական աջակցություն չի եղել:

Ներկայացնելով մանրամասները` նախկին նախարարը նշել է, որ հիմնադրամի աջակցությունը եղել է հոկտեմբերից սկսած: Միջոցներն ուղղվել են   մասնավորապես շտապ օգնության մեքենաների ձեռքբերման եւ առողջապահական հրատապ խնդիրների լուծման համար: Նախարարությունն  ավելի ուշ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացրել է հուղարկավորությունների կազմակերպման ու գերեզմանատների ձեռքբերման ծախսերը, ինչպես նաեւ «Հյուրընկալ ընտանիքներ» ծրագրի շրջանակում գումարներ են տրամադրվել Հայաստանի շահառու ընտանիքներին:

Հանձնաժողովի անդամները  Զարուհի Բաթոյանին ուղղել են հարցեր ծրագրերի իրականացման ժամկետների, ծախսային բաշխվածության  վերաբերյալ: Արծվիկ Մինասյանի առաջարկով պատգամավոր Հովիկ Աղազարյանին հանձնաժողովականները  լիազորել են կոնկրետ ծրագրերի մասով ուսումնասիրել նախարարությունում առկա տվյալները եւ դրանք փաստագրված ներկայացնել հանձնաժողովին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում