Բացահայտվել է օտարերկրացի կանանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք. երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ)
Ոստիկանության ՔՈ գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և քննչական կոմիտեում պոռնկությանը նպաստելու հոդվածով քննվող քրեական գործի շրջանակներում կատարված նախաքննությամբ ստացվել են Հայաստանում կազմակերպված խմբի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ տվյալներ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Գլխավոր դատախազության համակարգմամբ՝ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տվյալները հստակեցվեցին, իրականացվեցին ավելի քան մեկ տասնյակ խուզարկություններ, հայտնաբերվեցին մարմնավաճառությամբ զբաղվող կանայք, պոռնկությամբ զբաղվելը հիմնավորող բազմաթիվ ապացույցներ և առանձնապես խոշոր չափերով գումարներ։
Պարզվել է, որ միջազգային կազմակերպված խումբը, հիմնականում առցանց եղանակով, հավաքագրել է այլազգի կանանց և առաջարկել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, զբաղվել մարմնավաճառությամբ՝ խոստանալով ապահովել հաճախորդներով, բնակության վայրով և պոռնկությամբ զբաղվելու համար անհրաժեշտ այլ պայմաններով՝ փոխարենը պահանջելով մարմնավաճառությամբ «վաստակած» գումարի կեսը փոխանցել կազմակերպված խմբին:
Կազմակերպված խմբի կազմում առցանց եղանակով ընդգրկվել են նաև Երևանի կենտրոնում, հիմնականում նորակառույց շենքերում, վարձակալությամբ բնակարաններ տրամադրող անձինք, որոնք ստանձնել են պոռնկությամբ զբաղվելու համար բնակարանով ապահովելու պարտականությունը:
Հարուցված քրեական գործի շրջանակներում երեք անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
Կարծիքներ