Գյումրու կրթական և առողջապահական որևէ հաստատություն չի միացել Գալստանյանի գործադուլ-դասադուլի կոչերին
Գյումրու կրթական և առողջապահական որևէ հաստատություն չի հետևել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ հանրապետությունը պարալիզացնելու, դասադուլ, գործադուլ անելու կոչերին։
Շիրակի մարզպետի աշխատակազմից «Հայկական ժամանակի»-ն տեղեկացրին, որ որևէ դպրոցում և առողջապահական հիմնարկում այդպիսի գործընթացներ չկան, բնականոն աշխատանքային օր է։
Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանում ևս գործադուլ կամ դասադուլ չկա։ Այստեղից մեզ փոխանցեցին՝ նման միտք էլ չկա։
«Սովորական դասընթաց է և ընդունելության պրոցես։ Ուրիշ բան չկա»,- ասաց համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու Գևորգ Ասատրյանը։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանն ասաց՝ օրը իրենց մոտ խիստ ծանրաբեռնված է։
«ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց համար շվեդական ծրագրով միջոցառում ունենք, դիպլոմային պաշտպանություն ունենք, շատ հագեցած օր է մեզ մոտ։ Այլ գործընթացներ չկան»,- վստահեցրեց տնօրենը։
Դասադուլ, գործադուլ, կամ անհնազանդության այլ ակցիաներ չկան նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։ Տնօրեն Կարեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ արտառոց որևէ բան այլ օրերի համեմատությամբ չկա։
«Այսօր անհատականների պաշտպանություններ ունենք, մեր օրը կրթական է։ Մեզ մոտ պրոցեսները ո՛չ քաղաքական են, ո՛չ էլ քաղաքացիական։ Այստեղ կրթական են բոլոր պրոցեսները»,- ասաց Պետրոսյանը։
Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը նույնպես փաստեց՝ իրենց մոտ որևէ գործընթաց չկա։
«Չեն եղել մեր մոտ որևէ նման բան։ Ովքեր ունեն քաղաքական գործընթացներին միանալու, մասնակցելու ցանկություն, մասնակցում են։ Իրենք ազատ են իրենց քայլերում, իսկ կոնսերվատորիայում նման բաներ չկան բնականաբար»,- ասաց Հարությունյանը։
Ցուցահանդես, քննություններ, նախադիպլոմային աշխատանքի պաշտպանություններ. սա էլ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի առօրյան է։ Եվ ոչ միայն սրանք։
«Բակում շատ կարևոր աշխատանքներ ունենք, շինարարություն ենք անում։ Կրթականից բացի նաև սրանով ենք զբաղված, ուրիշ բաներ չկան»,- մեզ հետ զրույցում ասաց մասնաճյուղի տնօրեն Վահագ Ղուկասյանը։
Գործադուլ, դասադուլ կամ այլ ակցիա չի եղել նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղում։ Տնօրեն Հակոբ Զիլֆիմյանն ասաց՝ այս պահին ավարտական գործընթացի մեջ են, որևէ ակցիայի չեն միացել։
Հիշեցնենք՝ Բագրատ Գալստանյանը, որը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դասադուլի և գործադուլի կոչ է արել:
Կարծիքներ