Իրանցիները փորձադաշտ չեն դառնա օտար պատվաստանյութերի փորձարկման համար. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր վարչակազմը թույլ չի տա, որ «Քովիդ-19»-ի դեմ օտար պատվաստանյութերը փորձարկվեն Իրանի քաղաքացիների վրա:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, իրանցի նախագահի խոսքով՝ ներկա պահին երկրում գործադրվում են բոլոր ջանքերը տեղական պատվաստանյութի արտադրությունը սկսելու և վստահելի դեղամիջոց շուկա հանելու համար:
Իրանի առողջապահության նախարարությունը մերժել է արտասահմանյան պատվաստանյութերի փորձարկումներ անելու առաջարկները: Ռոհանին կոչ է արել իր ժողովրդին չխաբվել օտար պատվաստանյութերի հարցում:
Ռոհանին նշել է, որ հանրային գլխավոր պահանջներից մեկը պատվաստման հասանելիությունն է: Ինչպես նա հայտնել է, նախատեսվում է 4 փուլով 60 մլն իրանցիների պատվաստել:
Հիշեցնենք, որ Իրանում 2020 թվականի վերջին և այս տարվա առաջին օրերին մեկնարկել են երկու տեղական պատվաստանյութերի փորձարկումները մարդկանց վրա:
Նախօրեին Իրանում Կարմիր մահիկի խոսնակ Մոհամմադ Հոսեյն Մողադդամը չեղարկել էր 150 000 չափաբաժին պատվաստանյութի ներկրումն ԱՄՆ-ից: Այդ որոշումը կայացվել էր երկրի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հայտարարությունից հետո, որով հոգևոր առաջնորդն արգելել էր ամերիկյան և բրիտանական պատվաստանյութեր ներկրել:
Իրանում համավարակի ողջ ընթացքում վարակվել է 1 280 438 մարդ, մահացել՝ 56 100-ը:
Կարծիքներ