Լոռիում 11-ամյա երեխան խողովակից կախված վիճակում հայտնաբերել է 14-ամյա քրոջը. վերջինս մահացել է
Երեկ՝ օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել երեխայի դի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12։15-ի սահմաններում, Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ, 11-ամյա Է․ Դ․-ն իր քրոջը՝ 14-ամյա Մ․ Դ․-ին տանը միայնակ թողնելով՝ գնացել է հարեւանի տուն, որոշ ժամանակ անց վերադառնալով տուն՝ տանը կից շինության պատին ամրացված խողովակից (շարֆով) կախված վիճակում նկատել է քրոջը, ապա վազելով օգնության է կանչել հարեւանուհուն, վերջինս էլ՝ իր մյուս հարեւաններին, երեխային իջեցրել են կախված տեղից, ապա փորձել են տանել հիվանդանոց՝ մինչ այդ ահազանգելով շտապօգնություն։
Ճանապարհին երեխային տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենան։ Ցավոք, հիվանդանոցի ճանապարհին երեխան գիտակցության չգալով՝ մահացել է։
Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարծիքներ