«Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը՝ մարգագետնում
Երեկ՝ օրվա երկրորդ կեսի մի պահից սկսած տխուր և անկումային իրավիճակ էր իսրայելական «Elbit Systems» ընկերությունում. Տավուշի երկնքում՝ զարմացած հայացքը հառած ներքևում միմյանց հաջորդող գեղեցիկ տեսարաններին, առաջին անգամ աշխարհում, խոցվեց իրենց կողմից արտադրված գերժամանակակից և շատ թանկարժեք (մինչև 30 միլիոն դոլար) «Elbit Hermes 900» անօդաչուն:
Աշխարհի գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները հեռարձակեցին ОСА ինքնագնաց զենիթահրթիռային համալիրի տղաներից մեկի՝ ոչ ամենաարդիական հեռախոսով իրականացրած նկարահանումը:
«Elbit Hermes 900» անօդաչուն զբաղվում է հետախուզմամբ՝ ռադիոկապ խլելով ու խոչնդոտներ ստեղծելով հակառակորդի ավիացիայի և ցամաքային ուժերի համար:
«Elbit Systems» ընկերության աշխատողներին առավելապես վրդովվեցրել է, որ իրենք գերժամանակակից ԱԹՍ-ն վաճառել են մի պետության, որն այն օգտագործում է որպես ամենասովորական մի դրոն....
Ենթադրում եմ իսրայելական «Elbit Systems» ընկերության լիակատար խայտառակությունը դեռ առջևում է.
Չի բացառվում, որ հակառակորդի ունեցած մոտ 15 «Elbit Hermes 900» ԱԹՍ-ներից մեկը առաջիկայում բարեհաջող վայրէջք կկատարի հայաստանյան մարգագետիններից մեկում, իհարկե ոչ առանց մեր՝ հայրենական ԱԹՍ-ների օգնության և ուղեկցման:
Ամենայն հավանականությամբ, հայկական զինուժի կողմից խոցված «Elbit Hermes 900» ԱԹՍ-ի վերաբերյալ քննարկում կլինի հարևան պետության պաշտպանության նախարարության գլխավոր շտաբում.
Պատկերացրեք իսրայելական «Elbit Systems» ընկերության գերարհեստավարժ աշխատակիցների շոկային վիճակը, երբ քննարկման հետևանքում իրենց կառաջարկվի «Elbit Hermes 900» ԱԹՍ-ն դարձնել ՕՈՒԹՍ (օդաչու ունեցող թռչող սարք)....
Հ. Գ. Իսրայելական «Elbit Systems» ընկերությունը, հավանաբար, երեկվանից իր «Elbit Hermes 900» ԱԹՍ-ները ապաշնորհ զինվորականներից ետ վերցնելու ճանապարհի փնտրտուքների մեջ է:
Ձոնիկ Մարգարյան
Կարծիքներ