Starmus-ը Հայաստանում մեկնարկեց փառատոնի պատմության մեջ առաջին ջազային համերգով ու Նոբելյան մրցանակակրի դասախոսութամբ
Նոբելյան մրցանակի դափնեկիր Էդվարդ Մոսերի դասախոսությամբ ու փառատոնի պատմության մեջ առաջին անգամ ջազային համերգային ծրագրով Երևանում մեկնարկեց Starmus VI փառատոնը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գլխուղեղում տարածության մեջ կողմնորոշվելու բջիջների համակարգի բացահայտման համար Նոբելյան մրցանակի արժանացած, նորվեգացի հոգեբանության և նյարդաբանության պրոֆեսոր Էդվարդ Մոսերը «Երաժշտությունը և ուղեղը» խորագրով դասախոսության ընթացքում ներկայացրեց ուղեղի կողմից երաժշտության ընկալման առանձնահատկությունները՝ մասնավորեցնելով դրանք առանձին հիվանդությունների, հատկապես աֆազիայի պարագայում:
Մոսերը նաև նկատեց, որ երաժշտությունը սոցիալական երևույթ է, իսկ երաժշտական կատարումը կարող է նպաստել ուղեղի միջանձնային կոորդինացման մեխանիզմների գործարկմանը:
Դասախոսությանը հաջորդեց ամերիկահայ երաժիշտ, ստեղնաշարահար Դերեկ Շերինյանի ելույթը` անգլիացի թմբկահար Սայմն Ֆիլիպսի և ամերիկացի բաս-կիթառահար Ռիկ Ֆիերաբրաչի մասնակցությամբ։
Երեկոն ամփոփեց ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը, ով բաս-կիթառահար Մարկ Կարապետյանի և հարվածային երաժիշտ Արթուր Հնաթեքի մասնակցությամբ կատարեց 2020 թվականին լույս տեսած «The Call Within» ալբոմի ստեղծագործությունները։
Կարծիքներ