Խնդիր ունենք Հայաստանում փորձառու պրոֆեսիոնալների ներգրավման. Հակոբ Արշակյանը՝ Silicon Mountains-2021 տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում նոյեմբերի 19-ին ներկա է եղել Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կազմակերպած Silicon Mountains-2021 տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովին:
Գագաթնաժողովի հատուկ հյուրն էր «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն դր Չի-Ֆուն Չանը, որը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար արժանացել է Global IT Award 2020 ՀՀ պետական մրցանակի:
Գագաթնաժողովում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Նա շնորհավորել է դր Չի-Ֆուն Չանին նման բարձր պարգևի արժանանալու համար՝ նշելով, որ Հայաստանի համար մեծ պատիվ է ընդունել տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ մարդկանց, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել համաշխարհային տեխնոլոգիական զարգացման վրա:
Խոսելով ոլորտի զարգացման մասին՝ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ նախորդ գագաթնաժողովից հետո նորաստեղծ հարյուրավոր ընկերություններ ստացել են պետական հարկային արտոնություններ: «Ունենք Հայաստանում հիմնված և գործող՝ մեկ միլիարդ դոլարը գերազանցող կապիտալով ընկերություն»,- որպես ոլորտում կարևոր ձեռքբերում՝ ընդգծել է Հակոբ Արշակյանը և հավելել, որ նման ընկերությունները մեր երկրի զարգացման շարժիչ ուժն են:
«Հայաստանում ինժեներների թիվը գերազանցում է 20 000-ը, ինչը խոստումնալից է հաջորդ տարիներին ոլորտում առավել մասշտաբային աճ արձանագրելու համար»,- ասել է Հակոբ Արշակյանը:
ԱԺ նախագահի տեղակալը ոլորտի զարգացման առումով շեշտել է պետական հոգածության, սկսնակ ընկերություններին աջակցող պետական ծրագրերի կարևորությունը և ներկայացրել տեխնոլոգիական կրթության զարգացման հարցում կատարվող քայլերը:
«Խնդիր ունենք Հայաստանում միջին և բարձր մակարդակի, փորձառու պրոֆեսիոնալների ներգրավման: Մեր բոլոր ընկերությունները փաստում են այս մարտահրավերը»,- շեշտել է խորհրդարանի փոխխոսնակը:
Այս առումով նա տեղեկացրել է, որ «Օտարերկրացիների մասին» և այլ օրենքներում ընդունված փոփոխությունները դյուրացնում են Հայաստանում արտասահմանցի մասնագետների համար ապրելու և աշխատելու իրավունքի տրամադրման գործընթացը: 2022 թ. հունվարից առցանց հարթակի միջոցով գործատուները և մասնագետները կարող են դիմել և ստանալ ապրելու և աշխատելու իրավունք:
Գագաթնաժողովի ընթացքում ելույթ են ունեցել նաև ՀՀ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը, «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դր Չի-Ֆուն Չանը: Քննարկվել են խելացի լուծումների կիրառման և տնտեսության թվայնացման հեռանկարները, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ուղղությունները, թվային տեխնոլոգիաների անհրաժեշտությունը բիզնես ոլորտում, թվային տնտեսության մարտահրավերները:
Կարծիքներ