Բելգիայի ներկայացուցիչների պալատը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան
Բելգիայի ներկայացուցիչների պալատը 130 կողմ և 12 ձեռնպահ ձայներով ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա հետևանքների վերաբերյալ բանաձև: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Բելգիայի հայերի կոմիտեից:
Նշվում է, որ բանաձևը «դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թ. Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների վերսկսումը», և կառավարությանը կոչ է անում ձեռնարկել մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են պատերազմից տուժած բնակչության հոգսերը թեթեւացնելուն, պատերազմական հանցագործությունների համար պատասխանատուներին բացահայտելուն և դատապարտելուն, ինչպես նաև հրադադարի ռեժիմը պահպանելուն և բանակցությունները Լեռնային Ղարաբաղի սահմանները և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգող խաղաղ համաձայնագրի շուրջ տանելուն:
Ի թիվս այլ դրույթների, Խորհրդարանը, մասնավորապես, դատապարտում է այն վնասակար դերը, որ խաղացել է Թուրքիան այս պատերազմում և պահանջում է նրան «դադարեցնել ռազմական միջամտությունն այս հակամարտությանը» և զերծ մնալ «տարածաշրջանում ապակայունացնող դերակատարումից:
«Բելգիայի հայերի կոմիտեն ողջունում է այն փաստը, որ Խորհրդարանը հստակ և կառուցողական դիրքորոշում է որդեգրել այս հարցի վերաբերյալ և շնորհակալություն է հայտնում այն խորհրդարանականներից, ովքեր իրենց ներդրումն են ունեցել դրանում: Այսպիսով, բանաձևը ճանապարհ է բացում տարածաշրջանում կոնկրետ և կառուցողական գործողությունների համար:
Կոմիտեն կոչ է անում կառավարությանը առանց հապաղելու գործել խորհրդարանի առաջարկությունների համաձայն: Նա մասնավորապես ընդգծում է մարդասիրական օգնության հրատապությունը և բելգիական ներկայությունը տարածաշրջանում:
Այսօր Ներկայացուցիչների պալատն ընդունեց նաև մեկ այլ տեքստ, որն առաջարվել էր պատգամավոր Միշել դե Մագդի կողմից։ Այդ տեքստով դեկտեմբերի 9-ը սահմանվում է Բելգիայի պետության կողմից պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված ազգային օր: Կոմիտեն ողջունում է այս որոշումը, որը կնպաստի ցեղասպանության ֆենոմենի ընկալմանը»,- ասված է Բելգիայի հայերի կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Բելգիայի Հայերի կոմիտեն հանդիսանում է Բելգիայում հայերի համայնքի գործադիր մարմինը և խոսնակը: Դեռևս 1922 թ. հիմնադրված հայկական ինստիտուտները համախմբված են հայկական ծագմամբ Բելգիայի բոլոր բնակիչների կողմից ընտրված համաժողովի մեջ: Հայերի թիվը երկրում գնահատվում է ավելի քան 30,000 մարդ:
Կարծիքներ