Սրանից հետո ժամկետի խախտում եղավ, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն․ վարչապետ

Սրանից հետո ժամկետի խախտում եղավ, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն․ վարչապետ

Կառավարության նիստի ընթացքում կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման և վերակառուցման ծրագիրը։

Նրա խոսքով՝ նախատեսվում է 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին նախարարությանը կատարել վերաբաշխում 1 միլիարդ 670 միլիոն 974 հազար դրամ գումարի չափով։

Վարչապետը Արմավիրի նախկին մարզպետ, այժմ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում են Արմավիրի մարզում մոլդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզի կառուցման աշխատանքները։

«Ձեր վերջի այցի ժամանակ այցելել ենք, ավարտական փուլում է, հիմա վերջին հարցերն են լուծվում, այս տարվա ընթացքում մանկապարտեզը նախատեսվում է, որ կաշխատի»,- ասաց Խուդաթյանը։

Վարչապետը, սակայն, նկատեց, որ մանկապարտեզի հարցով այդպես չէին պայմանավորվել, այն պետք է բացվեր դեռ հոկտեմբերին։ Խուդաթյանն էլ նկատեց՝ գազի հետ կապված որոշ խնդիրներ են եղել, ինչի պատճառով էլ բացումը հետաձգվել է։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Կառավարության անդամներին նախազգուշացրեց՝ իրեն ժամկետներ ասել ճշտելուց հետո․ «Աշխատանքները ավարտված են, գալիս ենք այցի, գոնե մի ասեք, որ մանկապարտեզը հոկտեմբերին բացվելու է։ Ասենք, հիմա այդ գյուղի ժողովուրդը տեսել է, չէ՞, տեսախցիկների առաջ հարցրել եմ՝ երբ է բացվում, ասել եք՝ հոկտեմբերին։ Ես էլ գրել եմ՝ հոկտեմբերին մանկապարտեզը բացվում է։ Հիմա ստացվե՞ց, որ սուտ ասացի։ Ստացվե՞ց»։

Նա Կառավարության անդամներին զգուշացրեց. «Սրանից հետո մի հատ ժամկետի խախտում եղավ, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն։ Որևէ մեկը չասի մի ժամկետ, մի տվյալ, որը ստուգված և վերստուգված չէ։ Ամենափոքր բանը։ Ինչքա՞ն կարելի է այսպես»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում