Քննարկվել է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի թիրախային ծրագրի իրականացման ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն՝ Կառավարության ծրագրով սահմանված 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման ծրագրի ընթացքի վերաբերյալ:
Վարչապետը, անդրադառնալով թեմային, ասել է հետևյալը. «Այս տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ մենք արձանագրել ենք մեր հանձնառությունը Հայաստանի կրթության և, մասնավորապես, հանրակրթության ոլորտում էական բարեփոխումներ և ներդրումներ անելու ուղղությամբ: Մասնավորապես, խոսել ենք 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու կամ հիմնանորոգելու ծրագրի մասին:
Մեր հիմնական նպատակը որակյալ կրթության հասանելիության մակարդակը հանրապետությունում բարձրացնելն է: Քանի որ տարին ավարտվում է, և մի քանի օրից մուտք կգործենք 2022 թվական, այսօրվա քննարկման նպատակն է արձանագրել, թե ուր ենք հասել ծրագրի իրականացման ուղղությամբ: Ավելորդ չէ նշել, որ այն ներառված է Կառավարության գործունեության 2021-2026թթ. ծրագրում, Կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների ցանկում: Այսօր կփորձենք ավելի մանրամասնել և հնարավորինս կանխատեսելի դարձնել մեր առաջիկա անելիքներն այս ուղղությամբ»:
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է սահմանված թիրախի իրացման մեթոդաբանությունը, դրա կիրառմամբ կատարված աշխատանքները և առաջիկա անելիքները: Նշվել է, որ ՀՀ բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում իրականացվել է նախադպրոցական և դպրոցական կրթական ծառայության կարիքի որոշում, հետևյալ սկզբունքներով՝ կարիքի տեղորոշում, ամբողջական ախտորոշում և ամբողջական կազմակերպման մեթոդի որոշում: Որպես օրինակ ընտրվել է Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքը, որը ներառում է 31 գյուղական բնակավայր, շահառու երեխաների թիվը հասնում է 1000-ի: Այստեղ նախատեսվում է կրթության կազմակերպում 13 վայրում: Նախապատրաստական աշխատանքների շրջանակում կատարվել են շենքերի տեղազննում, անհրաժեշտ գույքի ցանկի ճշգրտում, տրանսպորտային երթուղիների քարտեզագրում, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման մրցույթներ: Ներկայում քննարկվում է ծրագրի ֆինանսական բաղադրիչը: Նույն մոդելով տեղորոշվել է կրթական ծառայության կարիքը Սյունիքի Տաթև, Քաջարան, Մեղրի խոշորացված համայնքների համար, ընթացքի մեջ է մարզի մյուս խոշորացված համայնքներում տեղորոշումը։ Գործում է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, աշխատանքն իրականացվում է ՀՀ վարչապետի համապատասխան որոշման ժամկետներին համաձայն: Սյունիքում աշխատանքներն ամփոփելուց հետո նախատեսվում է նույն մեթոդաբանությունը գործարկել մյուս մարզերում։
Ըստ պլանավորման՝ 2022թ. նախատեսվում է իրականացնել շուրջ 170 դպրոցի և 130 մանկապարտեզի՝ ընթացքի մեջ գտնվող կամ ավարտվող կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ: Ընդ որում, այս թիրախային ցուցանիշները չեն ներառում հնարավոր սուբվենցիոն և այլընտրանքային ծրագրերը:
Վարչապետի հարցադրմանն ի պատասխան ներկայացվել է նաև մասնագիտական կադրերի ներգրավման միասնական քաղաքականության մշակման ընթացքը:
Խորհրդակցությանն արծարծվել են նախանշված թիրախին հասնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերին, ընթացիկ տեմպին, նույն չափանիշներով սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը, ենթակառուցվածքային հագեցվածությանը վերաբերող և այլ հարցեր: Ներկայացվել են մի շարք առաջարկներ:
Վարչապետը կարևորել է ծրագրի հիմքում հայեցակարգային այն մոտեցման կիրառումը, որի ներքո նախադպրոցական, դպրոցական, մշակութային, սպորտային և մյուս բաղադրիչները դիտարկվում են մեկ ամբողջության մեջ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանին և Համբարձում Մաթևոսյանին՝ առաջարկելով քննարկման առարկա դարձնել գործընթացը խթանելուն միտված գաղափարները և կարևորելով համատեղ սինխրոնիզացված աշխատանքը:
Կարծիքներ