Դիդյե Դեշամն ու տղաները գլխիկոր են լքում Գերմանիան
Գնդակի տոտալ տիրապետում, մարտավարական հետաքրքիր հնարքներ, ֆուտբոլիստների կատարողական բարձր վարպետություն, պրեսինգի իսպառ բացակայություն և մարզչական ճիշտ ու սխալ որոշումներ: Սա այն ամենն է, ինչը կարելի էր տեսնել Ֆրանսիա - Իսպանիա խաղում:
Եվրո 2024 –ի կիսաեզրափակչի առաջին խաղում միմյանց դեմ մրցեցին Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները: Մյունխենի Ալյանց Արենա մարզադաշտում տեղի ունեցած խաղում Իսպանացիները կարողացան կամային հաղթանակի հասնել, չնայած հաշիվը բացեց Ֆրանսիայի հավաքականը, սակայն րոպեներ անց Իսպանիային ոչ միայն հաջողվեց հավասարեցնել հաշիվը, այլև առաջ անցնել հաշվի մեջ:
Իսպանիայի հավաքականում հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ 16 ամյա Լամին Յամալը, որը գրանցեց հերթական ռեկորդը, դառնալով Եվրոների պատմության ամենարիտասարդ գոլահարը:
Իսպանացիներին հաշվի մեջ առաջ մղեց Դանի Օլմոն, որը վերջին երեք խաղերում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Կարելի է ասել, որ Ֆրանսիայի հավաքականը մրցաշարի ընթացքում ոչնչով աչքի չընկավ, փոխարենը՝ Իսպանիայի հավաքականը ֆենոմենալ խաղ ցուցադրեց նախորդող 5 հանդիպումներում:
Այս խաղում իսպանացիների գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մաստեր կլաս անցկացրեց իր ֆրանսիացի գործընկերոջ համար, խաղի ընթացքում կատարելով մարտավարական բազմաթիվ փոփոխություններ, որոնք որոշիչ եղան խաղի վերջնարդյունքի համար:
Լուիս դե լա Ֆուենտեն այս հաղթանակի շնորհիվ հաստատեց իր հեղինակությունը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, իսկ Ֆրանսիայի պարտությունը կարող է ճակատագրական լինել Դիդյե Դեշամի համար, որը հավաքականում անցկացրած 12 տարիներից հետո, կարող է լքել իր պաշտոնը:
Եզրափակչում Իսպանիան կհանդիպի Անգլիա – Նիդերլանդներ զույգի հաղթողի հետ:
Գևորգ Թովմասյան
Կարծիքներ