Հայաստան-Իրան բիզնես ֆորումում գործարարները երկուստեք պայմանավորվածություններ ձեռք բերեցին
Երևանում հունիսի 29-ին մեկնարկած Հայաստան-Իրան բիզնես ֆորումի շրջանակում գործարարները առևտրային կապերի ամրապնդման բանակցությունների սկիզբ դրեցին:
Բիզնես ֆորումի շրջանակներում Երևան է այցելել Իրանի բարձր տեխնոլոգիական ընկերությունների պատվիրակություն, որը բաղկացած է Իրանի ավելի քան 25 ընկերության ներկայացուցիչներից:
«Rhyton Solutions» ընկերության տնօրեն Մասուդ Հասանին լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ են ներկայանում Հայաստանում, սակայն համագործակցություն արդեն եղել է։
«ՀՀ-ում ՏՏ համագործակցություն արդեն եղել է, մեզ մոտ պատվիրել են ծրագրեր, մենք էլ իրականացրել ենք։ Այս ֆորումից հետո կարող ենք ավելի մեծ ծրագրեր իրականացնել՝ տարբեր ձևաչափերում։ Մեր երկու երկրի համագործակցության շնորհիվ կկարողանանք համաշխարհային շուկայում նույնպես առաջխաղացում ունենալ»,- նշեց Հասանին և հավելեց, որ օրվա ընթացքում բազմաթիվ հանդիպումներ են ունենալու ՏՏ տարբեր ընկերությունների հետ։
ՏՏ ոլորտը ներկայացնող ֆորումի մեկ այլ մասնակից՝ Էմադե Ասկարիեն էլ հայտնեց, որ նպատակ ունեն երկու երկրի միջև համագործակցությունն ավելի բարձրացնել։
«Մենք ցանկանում ենք ՀՀ-ում արտադրություն սկսել, այնուհետև հայկական ընկերությունների հետ մուտք գործենք համաշխարհային շուկա։ Այս ֆորումին ներկա է 10 իրանական և 40 հայկական ընկերություն, հույս ունեմ շահավետ պայմանավորվածություններ ձեռք կբերենք այսօր»,- նշեց Ասկարիեն։
«Փ․Աբաջյան» ՍՊԸ տնօրեն Փիրուզա Աբաջյանն ասաց, որ իրենք զբաղվում են շինանյութերի սերտիֆիկացմամբ և լաբորատոր փորձարկումներով։
«Մեզ հետաքրքրել է իրանական ցեմենտը, որն արտադրվում է ու ներմուծվում է ՀՀ։ Բազմիցս հանդիպել ենք իրանական կողմի հետ, այժմ էլ այստեղ պետք է փորձենք համագործակցության եզրեր գտնել նրանց հետ, որպեսզի սկսենք աշխատել»,- ընդգծեց Աբաջյանը։
Կարծիքներ