Ավելի լավ է՝ պարոն Լավրովը չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը. Միրզոյան

Ավելի լավ է՝ պարոն Լավրովը չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը. Միրզոյան

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստանյան իրադարձություններին վերաբերող գնահատականները չեն համապատասխանում իրականությանը։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Լավրովի հայտարարությանը։

Արարատ Միրզոյանը շեշտեց, որ Լավրովի օգտագործած ձևակերպումները՝ իբր «իշխանությունների պայքար եկեղեցու դեմ», չեն համապատասխանում իրականությանը։

«Ուզում եմ ասել, որ պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ չէ և ամբողջական չէ։ Եթե չեմ սխալվում, պարոն Լավրովն օգտագործել էր «իշխանությունների պայքար եկեղեցու դեմ» ձևակերպումը։ Կրկին պետք է նշեմ, որ նրա տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ։

Այն, ինչ պարոն Լավրովը, հավանաբար, նկատի ունի, վերաբերում է եկեղեցական որոշ հոգևորականների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը խառնվելու, քաղաքական գործընթացներին մասնակցելու, և՝ համաձայն մեր իրավապահ մարմինների, այդ մասնակցությունն իրավական դաշտից դուրս իրականացնելու ցանկությանը՝ մասնավորապես ապօրինի հեղաշրջման փորձերին մասնակցելու կամ դրանք նախաձեռնելու վերաբերյալ։ Պարոն Լավրովն, ավելի լավ է, չխառնվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերին և ներքին քաղաքականությանը»,- ընդգծեց նա։

ՀՀ ԱԳ նախարարը նույն հորդորը ուղղեց նաև ՌԴ խորհրդարանականներին և մեդիային։ 

«Կարծում եմ՝ նրանք պետք է հարգանքով մոտենան Հայաստանի ինքնիշխանությանը և այլևս չխառնվեն մեր ներքին գործերին»,- եզրափակեց նա։

ՀԱՊԿ ԱԳ նախարարների`հունիսի 30-ի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգություն են առաջացնում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում