Ուսումնական ավտոերթը ներկայացվում է որպես զորաշարժ. ՀՀ ՊՆ արձագանքը՝ Բաքվի ապատեղեկատվությանը

Ուսումնական ավտոերթը ներկայացվում է որպես զորաշարժ. ՀՀ ՊՆ արձագանքը՝ Բաքվի ապատեղեկատվությանը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը: 

Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: 

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ երեկ՝ մարտի 30-ին, տելեգրամյան մի շարք ալիքներում տարածվել են ՀՀ ԶՈՒ շարքերը համալրած նորակոչիկ վարորդների՝ ուսումնական գործընթացի շրջանակում կատարած ավտոերթի լուսանկարներ՝ փորձելով դրանք ներկայացնել որպես դեպի սահմաններն ուղղված զորաշարժ, ինչն իրականությանը չի համապատասխանում:

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:  

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, թե իբր վերջին շրջանում հայ-ադրբեջանական պայմանական սահմանի տարբեր ուղղություններում «նկատվում է կենդանի ուժի, զրահատեխնիկայի կենտրոնացում և Հայաստանի զինված ուժերի զորքերի ինտենսիվ տեղաշարժ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում