Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան տիկնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ մայիսի 20-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ:  

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին: 

Գիտանաս Նաուսեդան ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր

ցուցադրություններին, որից հետո Լիտվայի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Հարություն Մարությանը պատվավոր հյուրին է նվիրել Հայոց ցեղասպանության մասին գրքեր: Իր հերթին, պարոն Գիտանաս Նաուսեդան Հայոց ցեղասպանության թանգարանին է նվիրել Հոլոքոստի մասին գրքեր:

Այցի ավարտին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Հիշողության պուրակում տնկել է արծաթափայլ եղևնի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում