Հայաստանն Ադրբեջանի հետ հաղորդակցության բացումն ու սահմանազատման հարցերը տարբեր է համարում. Մհեր Գրիգորյան

Հայաստանն Ադրբեջանի հետ հաղորդակցության բացումն ու սահմանազատման հարցերը տարբեր է համարում. Մհեր Գրիգորյան

Տարածաշրջանում հաղորդակցության հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման ու սահմանագծման հետ: Այդ մասին ТАСС գործակալության հետ հարցազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Մենք հետևում ենք երեք երկրների ղեկավարների Սոչիի հայտարարությանը, որի համաձայն պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ և աշխատել ՌԴ խորհրդատվական աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման (հետագա սահմանագծմամբ) երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Սակայն այդ հարցը որևէ կերպ փոխկապակցված չէ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր բացման հետ» - նշել է Գրիգորյանը։

ՀՀ փոխվարչապետը հավելել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ստեղծվել է փորձագիտական ենթախումբ, որը զբաղվում է սահմանների բացման դեպքում փոխադրումների ապահովման հարցերի մշակմամբ: Գրիգորյանի խոսքով՝ այդ հարցերի վերջնական կանոնակարգման վերաբերյալ քննարկում դեռևս չի եղել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում