Էդուարդ Սպերցյանը երկրպագուների քվեարկությամբ ճանաչվել է Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար»-ի 22-ամյա հարձակվող Էդուարդ Սպերցյանը Championat.com կայքում անցկացված հարցման արդյունքներով ճանաչվել է Ռուսաստանի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Championat.com-ը հայտնում է, որ հարցումն անցկացվել է երկրպագուների շրջանում:
Սպերցյանը հավաքել է 21 հազար 401 ձայն՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Երկրորդ հորիզոնականում Մոսկվայի «Դինամո»-ի և Ռուսաստանի ազգային հավաքականի հարձակվող Արսեն Զախարյանն է. նրա օգտին քվեարկել է 18 հազար 982 երկրպագու: Երրորդ հորիզոնականում «Ախմատ»-ի ֆուտբոլիստ Համիդ Աղալարովն է՝ հավաքած 16 հազար 445 ձայներով:
Էդուարդ Սպերցյանին մրցանակը հանձնել է Championat.com կայքի թղթակից Պալինա Կուիմովան:
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին: Ավելի շատ, ավելի նվիրված ու ուժեղ եմ աշխատելու»,- ասել է Սպերցյանը:
Կարծիքներ