Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահը կհամալրվի նոր սարքավորումներով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր ներկա է եղել Արամ Խաչատրյան համերգասրահում աուդիո և ձայնագրման սարքավորումների բարելավման ծրագրի մեկնարկի արարողությանը:
Այս մասին հայտնում են նախարարությունից:
Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նախարարության անունից շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանն անչափ կարևոր նախաձեռնության համար: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև դեսպան Աոկի Յուտակային իր գործունեությամբ մշակութային կառույցներին աջակցելու համար:
«Ուրախ ենք, որ այսպիսի նախաձեռնությունը գալիս է մի երկրից, որտեղ արդի տեխնոլոգիաների որակը շատ բարձր է, և որի շնորհիվ մենք ձեռք ենք բերում բարձրակարգ տեխնիկա: Այս տեխնիկան կծառայի ոչ միայն ֆիլհարմոնիկ նվագախմբին, այլև հայաստանյան և արտերկրի այն նվագախմբերին, երաժշտական խմբերին, որոնք ելույթներ կունենան Արամ Խաչատրյան համերգասրահում:
Անդրադառնալով թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելին՝ նշեմ, որ ունենք շատ լավ օրինակ. պետական հատկացումների, մասնավոր և արտերկրի աջակցությունների շնորհիվ ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինության նախաձեռնողականության արդյունքում վերանորոգվել է համերգասրահի դահլիճը:
Այս դրամաշնորհի արդյունքում Արամ Խաչատրյան համերգասրահի դահլիճը կվերազինվի արդի տեխնիկայով՝ միջազգային ստանդարտներին համապատասխան: Ծրագրի նպատակն է Արամ Խաչատրյան համերգասրահը վերածել բարձրորակ, տեխնիկապես հագեցած մշակութային հարթակի, որտեղ հնարավոր կլինի իրականացնել նաև բարձրորակ ձայնագրություններ և հեռարձակումներ։ Ճապոնական կառավարության տրամադրած այս միջոցները լավագույնս կծառայեն բարձրակարգ համերգների, միջոցառումների, ձայնագրությունների իրականացմանը»,- նշել է Դանիել Դանիելյանը և մաղթել ծրագրի հաջող իրականացում:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանի տեղեկացմամբ՝ մինչև 72,000 ԱՄՆ դոլար կազմող դրամաշնորհն ուղղվելու է Արամ Խաչատրյան համերգասրահում աուդիո և ձայնագրման սարքավորումների բարելավման ծրագրին:
«Ձեռք են բերվելու աուդիո և ձայնագրման ոլորտում աշխարհի առաջատար ճապոնական YAMAHA ընկերության CL1 և DM7 ձայնակառավարման 2 վահանակ: Այս գերժամանակակից սարքավորումները թույլ կտան Արամ Խաչատրյան համերգասրահում իրականացնել որակյալ համերգներ, որոնք պահանջում են ձայնի տեխնիկական լավ վերարտադրություն, միջազգային ստանդարտների համապատասխան ձայնագրություններ (CL1) և համերգների ուղիղ հեռարձակումներ (DM7)»,- ասել է Նորայր Նազարյանը և հավելել, որ վերջին անգամ Արամ Խաչատրյան համերգասրահի համար աուդիո և ձայնագրման սարքավորումներ են ձեռք բերվել 25 տարի առաջ՝ 1999 թվականին, կրկին Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային աջակցության շրջանակում:
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական նշել է, որ կարճ ժամանակահատվածում արդեն զգացել է հայ ժողովրդի բարեկամական վերաբերմունքն ու հյուրընկալությունը, նկատել նաև, որ երկու երկրները՝ Հայաստանն ու Ճապոնիան, շատ նմանություններ ունեն.
«Երկուսն էլ փոքր երկիր են՝ հարուստ երկար պատմությամբ, ավանդույթներով և հնագույն մշակույթով, և կիսում են սերը երաժշտության հանդեպ: Ծրագիրը հնարավորություն կտա այս գեղեցիկ համերգասրահում ելույթ ունեցող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին և այլ նվագախմբերին ու անհատ երաժիշտներին ձայնագրել և հեռարձակել համերգները շատ ավելի բարձր որակով, նոր և ժամանակակից սարքավորումներով, որոնք ձեռք են բերվելու այս աջակցության միջոցով:
Հայաստանը հայտնի է իր պատմականորեն հարուստ երաժշտական մշակույթով, որը ստեղծել է այնպիսի հանրահռչակ երաժիշտներ և երգահաններ, ինչպիսիք են Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը և շատ ուրիշներ: Մեր նպատակն է պահպանել և փոխանցել այս ահռելի երաժշտական ժառանգությունը հաջորդ սերունդներին: Վստահ եմ, որ նոր ծրագրի միջոցով մենք կարող ենք նպաստել այս կարևոր առաքելությանը, որպեսզի մարդիկ կարողանան վայելել այն գլուխգործոցները, որոնք կկատարվեն Արամ Խաչատրյան համերգասրահում ճապոնական սարքավորումների և Հայաստանի, ինչպես նաև ամբողջ աշխարհի աշխարհահռչակ երաժիշտների ստեղծագործությունների համադրմամբ»,- ասել է նա:
Կարծիքներ