Կարևոր է հասկանալ՝ ինչ մթնոլորտ է առկա, ինչ խնդիրներ կան կամ եղել և լուծվել են գործարար միջավայրում. վարչապետ

Կարևոր է հասկանալ՝ ինչ մթնոլորտ է առկա, ինչ խնդիրներ կան կամ եղել և լուծվել են գործարար միջավայրում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին հանդես է եկել բացման խոսքով։

«Այս քննարկումը ինձ համար հետևյալի մասին է, թե ինչպես ենք մենք միասին՝ Կառավարությունը և մասնավոր հատվածը սպասարկում ՀՀ պետական շահն այն ըմբռնմամբ, որ ՀՀ պետական շահը տնտեսական զարգացումն է:

Ես ամեն անգամ սա ավելի համոզված եմ ասում, որովհետև տնտեսական զարգացումը և նրանից բխող էֆեկտներն են, որ մեզ հնարավորություն պետք է տան կամ սահմանափակեն հնարավորությունները՝ երկարաժամկետ խնդիրներ առաջադրելու և լուծելու»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ շատ կոնկրետ խնդիր կա այս աշխատաժողովի համատեքստում:

«Ինձ համար կարևոր է նաև հասկանալ, թե ինչ մթնոլորտ է տիրում գործարար միջավայրում, ինչ խնդիրներ կան, որ խնդիրներն էին, որ կան և այլևս չկան, և որ խնդիրներն են, որ եղել են և շարունակում են լինել, լուծմանը մո՞տ ենք, թե՞ ոչ, և այդպես շարունակ»,- նշել է վարչապետը:

Նա հավելել է, որ կարևոր է քննարկումը դարձնել արդյունավետ, որովհետև երբ գործարար համայնքն ու կառավարությունը հավաքվում են, կարող է լինել երկու մթնոլորտ:

«Մեկն այն է, որ դե հավաքվել ենք, ավարտենք, ամեն մեկս գնանք մեր գործերին, երկրորդն էլ այն է, որ նյարդն այնքան շատ է լինում, որ բովանդակության վրա կենտրոնանալը դառնում է շատ դժվար կամ անհնար: Ես կուզենայի, որ այսօր շատ լիցքաթափված խոսակցություն լիներ, որ դա լիներ մի պլատֆորմ առաջիկա անելիքների օրակարգ ձևավորելու և դրա շուրջ աշխատելու համար»,- ասել է Փաշինյանը և հույս հայտնել, որ այս աշխատաժողովից իրենք դուրս կգան առաջիկա անելիքների վերաբերյալ շատ ավելի կոնկրետ պատկերացումներով:

«Մենք կհասկանանք՝ կառավարության ծրագրերը որքանով և ինչպես են ընկալվում գործարար համայնքի կողմից»,- հավելել է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում