Հայտնի է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է հարավկորեացի հեղինակ Հան Կանին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունը։
Նշվում է, որ Հան Կանին մրցանակը շնորհվել է «նրա բուռն բանաստեղծական արձակի համար, որը դիմակայում է պատմական ցնցումներին և ցույց տալիս մարդկային կյանքի փխրունությունը»:
Հան Կանը 2016 թվականի անգլիալեզու գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկի՝ Բուքերյան մրցանակի դափնեկիր է «Բուսակերը» վեպի համար։ Սա նրա առաջին գրքերից է, որ թարգմանվել է անգլերեն։ Հոկտեմբերի 9-ին հայտարարել են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրների անունները։ Մրցանակը կիսել են Դեյվիդ Բեյքերը՝ Սիեթլի Վաշինգտոնի համալսարանից, «սպիտակուցի հաշվողական նախագծման համար», ինչպես նաև Դեմիս Հասաբիսը և Ջոն Մ. Ջամփերը՝ Google Deep Mind ընկերությունից, «սպիտակուցի կառուցվածքի կանխատեսման համար»։
Հոկտեմբերի 8-ին հայտարարվել են ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրները։ Մրցանակը շնորհվել է Ջոն Հոփֆիլդին և Ջեֆրի Հինթոնին՝ «արհեստական նեյրոնային ցանցերի օգտագործմամբ մեքենայական ուսուցման հիմքում ընկած հիմնարար հայտնագործությունների և գյուտերի համար»։
Իսկ հոկտեմբերի 7-ին Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտը ֆիզիոլոգիայի և բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհել էր գիտնականներ Վիկտոր Ամբրոսին և Գերի Ռուվկունին՝ միկրոՌՆԹ-ների մոլեկուլների հայտնաբերման համար, որոնք կարգավորում են գենի գործողությունը։
Կարծիքներ