ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն մայիսի 5-ին ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, ադյուտանտ-գեներալ, գեներալ-մայոր Դեվիդ Ա. Վեյշարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, նախարար Փամբուխչյանը կարևորել է Կանզաս-Հայաստան համագործակցությունը, որը սկիզբ է դրվել դեռևս 2003 թվականին: Մինչ օրս համագործակցության շրջանակներում իրականացվել են փոխադարձ ճանաչողական այցեր, ուսուցողական դասընթացներ, սեմինարներ և հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ:
«Հանդիպման ընթացքում քննարկվել է նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցության ուղիները և Կանզաս նահանգի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ գեներալ-մայոր Դեվիդ Ա. Վեյշարը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար և հույս հայտնել, որ հայ-ամերիկյան համագործակցությունն արտակարգ իրավիճակների ոլորտում կշարունակվի ավելի ակտիվ և արդյունավետ:
«Նախարար Փամբուխչյանը հանդիպման մասնակիցներին հրավիրել է ԱԻՆ Լուսակերտի ուսումնական բազա, որտեղ վաղը տեղի է ունենալու ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կողմից իրականացվող ՔԿԾՄ ոլորտում համագործակցության ծրագրի գույքի պաշտոնական հանձման արարողությունը»,- հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Կարծիքներ