Նոր ստեղծվող կառավարության շրջանակներում Իրանի հարաբերությունները ՀՀ-ի հետ ավելի կզարգանան․ Մեհդի Սոբհանի
Իրանի քաղաքականությունն է զարգացնել, ընդլայնել համագործակցությունը և փոխգործակցությունը հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ։
Այս մասին ՀՀ-ում Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Այս սկզբունքային քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում: Նախագահական ընտրությունների բոլոր թեկնածուներն ունեն որդեգրած քաղաքականություն՝ զարգացնել արտաքին քաղաքականությունն ու հարաբերությունները հարևան պետությունների հետ»,- նշել է նա։
Դեսպանը նաև հավելել է, որ Իրանում ապրում են տարբեր ազգային պատկանելիություն ունեցող քաղաքացիներ, բայց դա չի կարող ազդել երկրի որդեգրած սկզբունքային ու ազգային քաղաքականության վրա:
«Մենք եղել ենք Հայաստանի բարեկամը, կանք և կլինենք: Նոր ստեղծվող կառավարության շրջանակներում հարաբերությունները ՀՀ-ի հետ ավելի կզարգանան: Յուրաքանչյուր երկրի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է ազգային ու փոխադարձ շահերի վրա, և այդ սկզբունքը չի փոխվում»,- նկատել է նա։
Հիշեցնենք՝ Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը: Նախագահի պաշտոնի համար պայքարում են բարեփոխիչ Մասուդ Փեզեշկիանը, որն առաջին փուլում ստացել էր ձայների 42,32%-ը, և պահպանողական Սաիդ Ջալիլին, որը հավաքել էր 39,51%:
Կարծիքներ