«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի». գիտաժողով՝ նվիրված հայ գրատպության 510-ամյակին
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային գրադարանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կանցկացնի «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված հայ գրատպության 510-ամյակին։
Գիտաժողովը միտված է միավորելու ոլորտի առաջատար և երիտասարդ մասնագետներին աշխարհի տարբեր երկրներից՝ դառնալով հարթակ գրադարանային միջազգային փորձի փոխանակման, արդի խնդիրների քննարկման, նորարարությունների ներկայացման, ինչպես նաև ընդունված միջազգային ձևաչափերի, կառավարման համակարգերի, տեխնոլոգիաների ներդրման փորձառության համար։
Գիտաժողովի շրջանակում գրադարանը կհյուրընկալի մասնագետների՝ (շուրջ 150 մասնակից) Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Ֆրանսիական Հանրապետություն, Նիդեռլանդների Թագավորություն, Սերբիայի Հանրապետություն, Լիբանանի Հանրապետություն, Քուվեյթ, Իսպանիայի Թագավորություն, Հունգարիայի Ժողովրդական Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Բելառուսի Հանրապետություն, Ղրղզական Հանրապետություն, Մոլդովայի Հանրապետություն, Տաջիկստանի Հանրապետություն, Ուզբեկստանի Հանրապետություն, Նիգերիայի Դաշնային Հանրապետություն և այլ երկրներ:
Գիտաժողովի գլխավոր խոսնակներն են «Ինտերնետ արխիվի» հիմնադիր Բրյուստեր Կալեն, Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնության (IFLA) նախագահ Բարբարա Լիզոնը:
Գիտաժողովի երրորդ օրը նախատեսվում է մշակութային ծրագիր՝ մասնակիցներին ծանոթացնելու Հայաստանի բազմադարյա պատմամշակութային ժառանգությանը։
Կարծիքներ