Կարեն Գիլոյանն ընդունել է «Ասիայի երեխաներ» միջազգային խաղերի և գնդակային հրաձգության ԱԱ-ի մեդալակիր մարզիկներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում և գնդակային հրաձգության վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում մեդալներ նվաճած հայ մարզիկներին:
Հանդիպմանը, բացի մեդալակիր մարզիկներից, ներկա են եղել նաև նրանց մարզիչներն ու ֆեդերացիաների ներկայացուցիչները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է հայ մարզիկներին նվաճած մեդալների առթիվ և գրանցած արդյունքները, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ համարել. «Հրաձիգներն իսկապես հիանալի հանդես եկան, սամբիստ Մհեր Օհանյանը ևս փայլեց, հետևում էի նրա ելույթներին: Ցավում եմ, որ լողափնյա վոլեյբոլի թիմը չկարողացավ մեդալ ապահովել, թեև շատ մոտ էր դրան: Գեղարվեստական մարմնամարզուհին դուրս եկավ եզրափակիչ ու ևս կարող էր մեդալ նվաճել, բայց չստացվեց: Ամեն դեպքում «Ասիայի երեխաներ» միջազգային մարզական խաղերում մեր ցույց տված արդյունքներից գոհ եմ»:
Հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում անցկացված «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանը 4 մեդալ էր նվաճել:
Խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել էր սամբիստ Մհեր Օհանյանը՝ 64 կգ քաշայինների պայքարում դառնալով ոսկե մեդալակիր, իսկ մյուս 3 մեդալները նվաճել էին հրաձիգները: Հրացան ձևի մարզիկներ Նարե Մելքումյանը դարձել էր արծաթե, իսկ Գագիկ Նիկողոսյանը՝ բրոնզե մեդալակիր: Գագիկ Նիկողոսյանը և Նարե Մելքումյանը թիմային միքս (1 տղա+1 աղջիկ) վարժությունում էլ 17:13 հաշվով նվաճել էին բրոնզե մեդալները:
Հայաստանի սամբոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջյանի խոսքով՝ ամբողջ թիմի համար շատ ոգևորող էր Մհեր Օհանյանի գրանցած արդյունքը. «Մհերը գրագետ մարտեր վարեց, որի արդյունքում ոսկե մեդալ նվաճեց: Ուրախ ենք, որ մեր թիմին նա ոսկի պարգևեց: Բոլորիս համար հպարտություն էր այս մեդալը: Մյուս սամբիստներին խանգարեց փորձի պակասը: Կարծում եմ՝ եթե ավելի փորձառու լինեին, 2-3 ոսկե մեդալ կարող էինք նվաճել: Կար այդ հնարավորությունը, բայց մի փոքր չհերիքեց»:
Ինչ վերաբերում է հրաձիգներին, ապա նրանք օգոստոսի 1-9-ը Ֆրանսիայի Շատոռու քաղաքում անցկացված գնդակային հրաձգության 2022 թվականի 10 մ, վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում 4 մեդալ են նվաճել:
Կարեն Գիլոյանը բարձր է գնահատել հրաձիգների մասնակցությունն աշխարհի առաջնությունում և հետագա հաջողություններ մաղթել նրանց. «Սպորտն առաջին հերթին նյարդերի պայքար է: Ուժեղ է նա, ով կարողանում է տիրապետել նաև հույզերին: Շնորհակալ եմ ձեզ, մարզիչներին, ֆեդերացիայի ղեկավարներին: Ապրեք, որ կարողացել եք լավ մասնակցել, բարձր պահել մեր երկրի անունն ու մեդալներ նվաճել: Սպասում ենք ավելի լավ արդյունքների: Պետությունն էլ պատրաստ է լինել ձեր կողքին և անել ամեն ինչ, որպեսզի դուք առանց խնդրի կարողանաք մարզվել ու ուժեղանալ»:
Հիշեցնենք՝ աշխարհի առաջնության մեծահասակների պայքարում Լիլիթ Մկրտչյանն ու Արուսյակ Գրիգորյանը զբաղեցրել էին 3-րդ հորիզոնականը: Մկրտչյանը 10 մ, նորմալ վազք, 30+30 կրակոց վարժության որակավորման փուլում խոցելով 555 միավոր՝ 3-րդ հորիզոնականով անցել էր եզրափակիչ փուլ, որտեղ արդեն 6:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Քաթարի ներկայացուցչի հետ պայքարում և դարձել է բրոնզե մեդալակիր: Արուսյակ Գրիգորյանը մրցել էր 10 մ, խառը վազք, 20+20 կրակոց վարժությունում: Խոցելով 367 միավոր՝ նա նվաճել է բրոնզե մեդալը: Ի դեպ, այս վարժությունում նրան ընդամենը մեկ միավորով է զիջել Լիլիթ Մկրտչյանը՝ վերջնարդյունքում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը:
Երիտասարդների պայքարում էլ չեմպիոնի կոչումը նվաճել էր Գոռ Խաչատրյանը: Գյումրի համայնքի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սանը մրցել էր 10 մ, խառը վազք, 20+20 կրակոց վարժությունում: Խոցելով 386 միավոր՝ նա կրկնել էր աշխարհի երիտասարդների ռեկորդը և նվաճել ոսկե մեդալ:
Երիտասարդների պայքարում պատվո հարթակի երրորդ աստիճանին էլ կանգնել էր Գոհար Հարությունյանը: 10 մ, նորմալ վազք, 30+30 կրակոց վարժության որակավորման փուլում Հարությունյանը խոցել էր 553 միավոր և 2-րդ հորիզոնականով անցել եզրափակիչ, որտեղ 6:1 հաշվով առավելության էր հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ և նվաճել բրոնզե մեդալ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի հետ հանդիպմանը մարզիկներն ու մարզիչները խոսել են իրենց տպավորությունների, պատմել գրանցած հաջողությունների, ինչպես նաև թույլ տված բացթողումների մասին:
Կարծիքներ