Օգոստոսի 26-ին և 27-ին Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում կկայանա «Ձյունե թագուհին» ներկայացումը

Օգոստոսի 26-ին և 27-ին Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում կկայանա «Ձյունե թագուհին» ներկայացումը

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում օգոստոսի 26-ին և 27-ին կներկայացվի «Ձյունե թագուհին» շոուն: Այժմ նախապատրաստական վերջին աշխատանքներն են, փորձերը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից, դերերում համաշխարհային ճանաչում ունեցող գեղասահորդներ են՝ տարբեր երկրներից, նաև մարզիկներ՝ Հայաստանից:

«Միջազգային կարգի մեծ շոու ծրագիր է նախատեսված։ Կլինեն նաև կրկեսային հնարքներ, գեղասահորդների կողմից բարդ ցատկեր, նաև պարային համարներ՝ սառույցի վրա։ Այս ամենն արվում է, որ ներկայացումն ավելի իրական լինի, և գտնվենք իրական հեքիաթում»,- ասում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի մարզիչ Գեղամ Վարդանյանը:

Ըստ աղբյուրի՝ Կայի ու Գերդայի ընկերության, խիզախության անդերսենյան պատմությունը սառույցի վրա կներկայացվի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի երաժշտությամբ:

«Այսպիսի հրաշալի երաժշտության ներքո հանդես գալը միայն հաճույք է։ Ամեն ինչ լինելու է շատ գունեղ և հեքիաթային»,- նշում է աշխարհի կրկնակի չեմպիոն Ալբենա Դենկովան:

«Կայի դերում լինելու եմ ձյունե թագուհու ազդեցության տակ։ Ինձ հերոսաբար կփրկի իմ ընկերը՝ Գերդան։ Մեր կյանքում այսօր հեքիաթները պակասում են, մարդիկ, տեսնելով ներկայացումը, հուսով ենք՝ մի փոքր կզգան այդ հեքիաթը»,- ասում է Հայաստանի գեղասահքի պատանեկան առաջնության կրկնակի չեմպիոն Սեմյոն Դանիլյանցը:

Նշվում է, որ Հայաստանում առաջին անգամ անցկացվող մեծամասշտաբ նախագիծը հագեցած կլինի լուսային և ձայնային ձևավորմամբ: Հատուկ այդ նպատակով դեկորացիաների, հագուստների մեծ մասը բերվել է արտերկրից: «Պտտվող բեմ, շարժվող կառքեր. ներկայացումը հագեցած է տեխնիկական տարբեր հնարավորություններով: Իսկապես մասշտաբային ծրագիր է լինելու»,- ընդգծում է աշխարհի կրկնակի չեմպիոն Մաքսիմ Ստավիսկին:

«Շոուն միանգամայն ցնցող է լինելու։ Կարծում եմ՝ սա հետաքրքիր համադրություն է թատրոնի, գեղասահքի և ակրոբատիկայի»,- նշում է ակրոբատ Կատարժինա Ֆլորչուկը:

«Դիտարժան միջոցառում է, որն իր մասշտաբներով առաջին անգամ է Հայաստանում։ Մասնակիցները լինելու են աշխարհի լավագույն գեղասահորդները։ Սա բավական լուրջ խթան է՝ գեղասահք մարզաձևը տարածելու համար»,- ասում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի մարզիչ Էլեն Համբարձումյանը:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կազմակերպիչները խորհուրդ են տալիս ներկայացմանը գալ տաք հագուստով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում